13 Հոտ
2024
22.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան բավական հաջողությունների հասավ մինչև Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն տալը․ թուրքագետ

Թուրքիան բավական հաջողությունների հասավ մինչև Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն տալը․ թուրքագետ

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Հարմար առիթից օգտվելով՝ Թուրքիան քաղաքական հերթական հաղթանակը տարավ. ABC media-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ 

«Թուրքիայի պայմանը՝ Շվեդիայում ապաստան գտած քրդերին, Թուրքիայից փախած ձախակողմյան ներկայացուցիչներին վերադարձնելն էր։ Թուրքիան, վետո դնելով Շվեդիայի անդամակցությանը, հարվածեց նաև ՆԱՏՕ-ին, բայց դա չխանգարեց իր պայմանները թելադրելուն։ Այսօր կարծում եմ՝ ոչ մեկը հստակ չի կարող ասել, թե Էրդողանը ներքին ինչ պայմանավորվածությամբ համաձայնվեց, բայց որ քաղաքական հաղթանակ գրանցեց, ակնհայտ է»,-ասել է նա։

Թուրքագետի խոսքով՝ Շվեդիան պատրաստ էր անգամ մարդասիրական օրենքները փոխել ու բավարարել Թուրքիայի պահանջները։ 

 «Մենք գիտենք, որ Շվեդիան մի քանի քրդերի վերադարձրել է, բայց հստակ չենք կարող իմանալ՝ ում, քանի մարդու։ Օրենքները համաձայնեց փոխել։ Եթե այսքանով Թուրքիան չսահմանափակվեր, ապա բավական մեծ ճնշման կարժանանար Արևմուտքից»,-ասել է թուրքագետը։

Լոքմագյոզյանի խոսքով` Թուրքիան բավական հաջողությունների հասավ մինչ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն տալը։

Հիշեցնենք` Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին` 2022 թվականի մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրին։ 

 Շվեդիան որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է հայտի վավերացման դիմաց նպաստել Թուրքիայի` ԵՄ անդամ դառնալու գործընթացի ակտիվացմանը: