05 Հոտ
2024
18.4° c ԵՐԵՎԱՆ
15.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան մերժել է Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի

Ֆրանսիան մերժել է Իլ-76-ի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ անցկացնելու ՌԴ պահանջը․Պոլյանսկի

Ֆրանսիան, որ նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ շեշտելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։

«Ինչպես և կարելի էր ակնկալել, Ֆրանսիան, որ նախագահությունը ստանձնեց հունվարին, ընտրել է նախագահի լիազորությունները չարաշահելու ուղին և հրաժարվում է բավարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու մեր պահանջը՝ կապված փոխանակման նպատակով ուկրաինացի գերիներին տեղափոխող մեր ինքնաթիռի դեմ Կիևի ռեժիմի իրականացրած ահաբեկչության հետ»,- գրել է Պոլյանսկին Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով՝ «Ֆրանսիան ակնհայտորեն փորձում է ժամանակ շահել և ժամանակ տալ ուկրաինացիներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ գոնե քիչ թե շատ խելամիտ բացատրություն գտնելու համար»։

Պոլյանսկին նշել է, որ Ֆրանսիան համաձայնել է հանդիպում անցկացնել հունվարի 25-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 17.00-ին (Մոսկվայի ժամանակով հունվարի 26-ի ժամը 01.00-ին):

«Ամոթ է, որ երբեմնի փառահեղ ֆրանսիական դիվանագիտությունը արժեզրկվել է ընդհուպ մինչև նման մանր խարդախություն», – գրել է ռուսաստանցի պաշտոնյան:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պահանջել է Բելգորոդի մարզում ռուսաստանյան Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը պնդել է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։

Կիևը չի հաստատում, որ ուկրաինական զինուժն է խոցել ռազմական ինքնաթիռը, պնդելով, թե հետաքննություն է ընթանում։