17 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրությունը սկսված է. թակարդներից պետք է դուրս գալ. Վահե Հովհաննիսյան

Ընտրությունը սկսված է. թակարդներից պետք է դուրս գալ. Վահե Հովհաննիսյան

Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ. այս առումով պրոցեսն արդեն սկսված է։ Բոլորս ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, էլ թաքնվելու-խուսափելու հնարավորություն չի լինելու. գրում է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Իշխանության բազային սցենարը ենթադրում է անհիշողություն, աներազանք, անպատմություն, անսրբություն մի նոր հայկական միավոր։ Այն, ինչը մեզ առաջարկվում է, մեծ հաշվով «ազգային սեռափոխության» ծրագիր է։ Սա էքսպերիմենտ է, որին աշխարհը ուշադիր հետևելու է։ Պետք է լինել անկեղծ. շատերը սա ընդունելու են, շատերը ցույց են տալու, թե չեն հասկանում, (քաղաքականությամբ չի զբաղվում), շատերն ասելու են՝ ես դեմ եմ, բայց կողքից կնայեմ։ Այնուամենայնիվ, շատ ավելի մեծ թվով մարդիկ մերժելու են, պատրաստ լինելով տեր կանգնել իրենց պատմությանը, արժեքներին, գերեզմաններին, տաճարներին, երազանք ունենալու իրավունքին։ Եվ այս մեծամասնությունը խայտառակ ձևով կպարտվի, եթե չլինի պայքարի ազնիվ ու գրագետ մենեջմենթ»,-գրել է նա:

 Քաղաքագետի կարծիքով՝ իրավունք չունեք հիշելու, որ ունեցել եք 27 տարի հաղթած անկախ պետականություն, որ միասին մեծ զրկանքների գնով լուրջ հաջողություններ եք ունեցել, որ մասնակիցն եք եղել պատմական հաղթանակների ու պատմական իրադարձությունների, որ ունեցել եք արժանապատվություն, որ Ամարասը հայկական է, որ Գանձասարը, Դադիվանքը հայկական են ու մի օր էլի լինելու են մեր տիրապետության տակ։ Այսպես՝ մինչև անասունի այսօրը պետք է մոռանալ. դա ձերը չի եղել, ձեզ խաբել են, մի´ հիշեք, մի´ հավատացեք նույնիսկ այն բաներին, որոնց մասնակիցն եք եղել։

Ի՞նչ անել ընտրություններում հաղթելու համար

Ընտրությունը միայն քվեարկություն չէ։ Ավելին, եթե որպես անհատ, միավորներ և հասարակություն մենք մեր ընտրությունը նախապես կատարած լինենք, ապա ոչ մի քվեարկության օր վախենալու կամ մերժելու չէ։

Քայլ առաջին՝ ուղիղ, բաց աչքերով նայել մեզ բոլորիս պարտադրվող ընտրությանը։ Իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա։

Քայլ երկրորդ՝ լուծել պայքարի ճիշտ մենեջմենթի խնդիրը։

Քայլ երրորդ՝ դուրս գալ Նիկոլի լարած թակարդներից, որոնցից առանցքայինները երեքն են.

  1. Նախկին-ներկա
  2. Նախկինների թալան
  3. Միևնույն է այլևս հնարավոր չէ ոչինչ փոխել, ամեն ինչ վերջացած է։

Այս երեք թակարդներով իշխանությունը կազմալուծում է հասարակությանը, արգելակում որևէ առողջ-կոնսոլիդացիոն պրոցես, որևէ հույս ու կամք։ Սա պետք է խափանել։ Հաջորդաբար ներկայացնելու եմ երեք թակարդներից դուրս գալու՝ իմ առաջարկները։