
Արցախի Մոխրաթաղ գյուղի պատմությունը
Արցախի Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղը պատմական Ջրաբերդի մելիքության կարևոր բնակավայրերից էր: Այն Մելիք-Իսրայելյանների իշխանական տոհմի նստավայրերից էր։ Պատմական աղբյուրներում գյուղի մասին հիշատակություններ կան առնվազն 18-րդ դարից։ Հին Մոխրաթաղը եղել է խոշոր բնակավայր: Ըստ պատմական տեղեկությունների՝ այնտեղ կար մինչև 700 տուն։ Հետագայում բնակիչները տեղափոխվել են նոր բնակատեղի, իսկ հին գյուղում պահպանվել են բնակելի շինությունների, եկեղեցու և գերեզմանոցի հետքեր։ Մոխրաթաղի պատմության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուրներից է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատությունը, որը տպագրվել է 1895 թվականին: Բարխուդարյանցի այցելության ժամանակ հին բնակատեղին արդեն լքված էր, իսկ բնակիչները տեղափոխվել էին Նոր Մոխրաթաղ: Գյուղի մասին եպիկսկոպոսը պատմում է. «Մոխրաթաղը հիմնված է Կուսապատի հյուսիսային կողմում, տեսարանն զմայլելի (դաշտահայաց) տեղի վրա, հողն արքունի, անջրդի, բայց բազմարդյուն: Տեղական բերքերն նույն, պատվական օդն, կլիման և ջուրն, երկար կյանք 90-100: Եկեղեցին Սուրբ Աստվածածին, քարուկիր, կառուցյալ երկու կամարների վրա, երկարությունն 17 մետր 95 սանտիմ, լայնությունն 11 մետր: Քահանա մի: Դռան ճակատակալ քարի վրա. «Ես Շուշուայ քաղաքի բնակիչ Մեսրոպ Թառումեանս կառուցի ծախիւք իմօք 2) յանուն Աստուածամօր վասն անյիշատակ հանգուցեալ եղբարցն իմոց Աբրահամայ, Գրիգորի եւ որդւոյն իմոց Աստուածատրի Մ. Թառումեանց ի 1883 ամի»: Ծուխ 85, ար. 394, իգ. 349: 2) Հաստատապես տեղեկացա, որ գյուղի հասարակությունն շինած է եկեղեցուս պատերը մինչև թաղն: (Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ, 1895, էջ 155): Գյուղի պատմության կարևոր հուշարձաններից է Մելիք-Իսրայելյանների ապարանքը, որը կառուցվել է 1771 թվականին՝ Մելիք Ադամի օրոք։ Համալիրը ոչ միայն իշխանական նստավայր էր, այլև ուներ պաշտպանական նշանակություն։ Մոխրաթաղի պատմամշակութային ժառանգության մաս է նաև Ինն-մաս անապատը, որը գտնվում է հին գյուղատեղիի հարևանությամբ՝ Մոխրաթաղի և Կուսապատի միջև։
Արցախյան առաջին պատերազմին Մոխրաթաղը ռազմական առումով խոցելի բնակավայրերից էր։ Գյուղի բնակիչները մասնակցել են ինքնապաշտպանական մարտերին: Գյուղն ամբողջությամբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին:


