24 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԳՄՍՆ-ն հայտ կներկայացնի՝ «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ԿԳՄՍՆ-ն հայտ կներկայացնի՝ «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» ներառելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախապատրաստում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» (The Vishaps and the Archaeological Site of Tirinkatar) հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայտի նախապատրաստման շրջանակում 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում կկայանա քննարկում։

Քննարկումը նվիրված կլինի վիշապաքարերի պատմական, հնագիտական, խորհրդաբանական և մշակութային նշանակությանը, Տիրինկատարի հնավայրի պատմամշակութային և գիտական արժեքին, ինչպես նաև տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրություններին։ Անդրադարձ կլինի նաև տարածքի պահպանության և կառավարման, ավանդական օգտագործման առանձնահատկությունների ու տեղական համայնքների հետ համագործակցության հարցերին։

Քննարկման նպատակն է համախմբել տարածքի հետ անմիջական առնչություն ունեցող համայնքների ներկայացուցիչներին, գիտական և մասնագիտական շրջանակներին, շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք հետաքրքրված են վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի ուսումնասիրությամբ, պատմամշակութային արժեքների պահպանությամբ և տարածքի կառավարմամբ։

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մասնակցելու քննարկմանը, ներկայացնելու իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական կարծիքները՝ նպաստելով հայտի նախապատրաստման գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ