
Մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը․ ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ․ այս մասին ասված է Ընդդիմադիր համախմբման հայտարարության մեջ։
««Ալիևյան սահմանադրությունը»
հայաստանյան ներքին օրակարգ է բերվել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք.
Օտար պետության թելադրանքի ընդունում. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի կողմից խաղաղության նախապայման է և վտանգում է Հայաստանի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։
Դրանով իսկ այն որևէ կապ չունի հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժեքների հետ և խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները։
Իշխանության անսահմանափակ կենտրոնացում. Սահմանադրության փոփոխության գործընթացը իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։
Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար։
Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում անհնար է Մայր օրենքի փոփոխությունը՝ ժողովրդավարական և բազմակարծիք քննարկումների սկզբունքով։
Ելնելով վերոգրյալից՝ Ընդդիմադիր համախմբումը հայտարարում է.
- Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը։
- Համերաշխություն ենք հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբված ուժերով արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ հանդես գալու պատրաստակամությամբ:
- Առաջիկա օրերին կհայտարարենք այս օրակարգով Համախմբման հանդիպման մասին»,- ասված է հայտարարության մեջ։


