27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ սենատորներն արցախցիների իրավունքների խախտման գործով զեկույց են պահանջել

ԱՄՆ սենատորներն արցախցիների իրավունքների խախտման գործով զեկույց են պահանջել

ԱՄՆ Սենատորներ Էդ Մարքին  և Բիլ Քեսիդին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ խնդրելով զեկույց ներկայացնել Ադրբեջանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝համաձայն Օտարերկրյա աջակցության ակտի 502B(c) բաժնին. այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Բանաձևը պետքարտուղարությունից տեղեկատվություն է պահանջում Ադրբեջանի մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ Արցախի դեմ նրա շարունակական ռազմական հարձակման ժամանակ, որը հանգեցրել է հայ բնակչության էթնիկ զտումների: Սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Բոբ Մենենդեսը և Փիթեր Ուելչը ևս միացել են բանաձևին:

Սենատոր Էդ Մարքին ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է:

«Ռազմական գործողությունները երբեք չեն եղել Արցախում խաղաղության և կայունության լուծում։ Այս բանաձևը ճնշում է գործադրում Ադրբեջանի կառավարության վրա՝ պաշտպանելու մարդու իրավունքները և դադարեցնելու տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ հանցագործությունները: Մենք պետք է պաշտպանենք Արցախի  ժողովրդի կամքը, իրավունքները և հիմնարար ազատությունները»,- ասել է Մարքին:

Սենատոր Քեսիդին նշել է Ադրբեջանի կողմից սրբավայրերի ավերման մասին:

Սենատորների այս բանաձևը պետքարտուղարությունից կպահանջի մանրամասն տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ կամայական սպանությունների, գերիների խոշտանգումների, Արցախից էթնիկ հայերի տեղահանման և կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման վերաբերյալ:

Օտարերկրյա աջակցության մասին ակտի 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված օրենք է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգության ոլորտի աջակցությունը ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե երկու սենատորների այս բանաձևն ընդունվի, կլինի առաջին դեպքը, որ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց կպահանջի 502B(c) բաժնի համաձայն: