Հայաստան պաշտպանական նշանակության սարքավորումներ են գալու. Սեբաստիան Լըկորնյուին
Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին՝ իր պաշտպանության ունակություններն ուժեղացնելու համար, այս մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին։
«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը:
ՀՕՊ-երի մասին նույնպես ասեմ, եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ երկարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»,-ասել է Ֆրանսիայի ԶՈւ նախարարը։
Ֆրանսիացի նախարարն ասել է, թե այս պահին առաջնահերթություն է սպառազինության ձեռքբերումը և վերապատրաստումն այդ ամենը կիրառելու համար:
«Չենք կարող խոսել սահմանների պաշտպանության մասին, առանց որոշակի վերահսկողական նյութերի։ Ամեն անգամ օպերատիվ կարիքներից ենք ելնելու, որը կարտահայտվի մեր հայ գործընկերների կողմից։ Եվ մենք համապատասխան առաջարկներ կանենք ըստ այդ կարիքների՝ լինի սպառազինություն, թե վերապատրաստում՝ պաշտպանական նպատակներով»,-ասել է Սեբաստիան Լըկորնյուին։