ABCMEDIA
Հանդիպմանը տրվել են ընդամենը խոստումներ՝ ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու քայլերն արագացնելու դիմաց․ Մենուա Սողոմոնյան

Հանդիպմանը տրվել են ընդամենը խոստումներ՝ ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու քայլերն արագացնելու դիմաց․ Մենուա Սողոմոնյան

Օդի մեջ խոստումներ են տվել՝ ՀՀ էներգետիկ ռեսուրսների դիվերսիկացման, այլընտրանքային էներգետիկ աղբյուրները զարգացնելու հարցում․ ամփոփելով Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեն Լայենի հետ՝ ասաց քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը։

«Դա նշանակում է, որ ՀՀ-ին ասում են՝ հանգիստ եղեք, Ռուսաստանից հեռացեք, եթե գազը թանկացնեն, մենք ձեր էներգետիկ կարիքների ապահովման ուղղությամբ քայլ կանենք»-ABC media-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Մենուա Սողոմ0ոնյանը, սակայն, նշում է, որ երբ քաղաքական նկատառումներով գազի հնարավոր թանկացման, դրանով պայմանավորված լայն սպառողական ապրանքների գները աճի կողքին դնում ենք այն խոստումները, թե մոտ ապագայում մեզ կօգնեն էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից, ի ցույց է դրվում իշխանությունների վարած արտաքին քաղաքականության սնանկությունը։

«Ընդհանուր առմամբ՝ տպավորությունը հետևյալն էր, որ հանդիպմանը տրվել ենք խոստումներ, ընդամենը որոշակի ֆինանսական աջակցության խոստումներ՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս բերելու քայլերին արագություն հաղորդելու դիմաց»,-ասաց նա՝ հավելելով, որ սրանից հետո ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները կարող են ավելի առարկայական դառնալ»,-ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ կանխատեսումները, թե ՀՀ-ին մեծ գումարներ, վարկ, աջակցություն կարող են խոստանալ, տեղի չունեցավ, իսկ այլ մանրամասներ պարզ կդառնան իշխանությունների և Փաշինյանի՝ հանրային խոսքերից։

«Անգամ եթե մեծ գումարներ առաջարկած կամ խոստացած լինեին, եթե անգամ միլիարդավոր դոլարներ տային, պետք է նայենք, թե Ուկրաինային ինչքան միլիարդներ են տրամադրում ու ինչ է տեղի ունենում այդ երկրում։ Առաջարկվող օգնության չափը, ինչքան էլ լինի, չպետք է որոշիչ դեր խաղա այն հարցում, որ ՀՀ-ն աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ է մտել, չպետք է թույլ տալ, որ այդ պրոցեսը խորանա։ Ոչ մի տնտեսական բենեֆիտ չի կարող փոխարինել մեր ազգային իրավունքներին ու ազգային-պետական շահերին»։