27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հանրային հեռուստաընկերությունը»  եկեղեցուն հնարավորություն չի տալիս հակադարձել իրեն ուղղված մեղադրանքներին․ Մայր Աթոռ 

«Հանրային հեռուստաընկերությունը»  եկեղեցուն հնարավորություն չի տալիս հակադարձել իրեն ուղղված մեղադրանքներին․ Մայր Աթոռ 

Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից. ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հայտարարության մեջ։

«Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։

Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»,-ասել է Եսայի քահանա Արթենյանը։

Նրա խոսքով՝ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»։

Հիշեցնենք, որ եպիսկոպոսների ու թեմական առաջնորդների հայտարարության մեջ նշվում էր, թե Հայաստանի իշխանությունը, Արցախի հայաթափման ու ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են Տավուշի մարզից տարածքներ հանձնել՝ նախքան սահմանազատումն ու սահմանագծումը։

Իշխանական պատգամավորները Մայր Աթոռի այս հայտարարությանը սուր էին արձագանքել, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի, ֆեյք նյուզ էր անվանել։