ABCMEDIA
Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ձախողված է, տնտեսությունը՝ կանգնած լուրջ մարտահրավերների առաջ․ ՀՀ-ՌԴ հարաբերությունները միջազգային մամուլի դիտակետում

Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ձախողված է, տնտեսությունը՝ կանգնած լուրջ մարտահրավերների առաջ․ ՀՀ-ՌԴ հարաբերությունները միջազգային մամուլի դիտակետում

Ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը Московский Комсомолец-ի հետ զրույցում նշել է, որ այցելելով Մոսկվա՝ Փաշինյանը փորձում է կանխել անհավասարակշռությունը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռանկյունում։ Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի հետաքրքրության աստիճանական անկման ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարելավվում են։ Պրիտչինը համարում է, որ Ռուսաստանին՝ որպես տնտեսական գործընկերոջ, կորցնելը չափազանց անցանկալի կլիներ Երևանի համար։

«Հայաստանի համար սա և՛ ֆունդամենտալ աճի, և՛ զուգահեռ ներմուծումից գումար վաստակելու հնարավորություն է։ Այս ամենը կարող է ավարտվել, եթե հայ-ռուսական հարաբերությունները շարունակեն վատթարանալ», – կանխատեսում է փորձագետը։

Իսկ ահա Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչևը NEWS.ru-ի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ին ընդառաջ քայլեր անող Մոսկվայի որոշ գործընկերներ, պետք է ավելի զգույշ լինեն իրենց գործողություններում։ «Նիկոլ Փաշինյանն իր ընտրողներին որպես հաղթանակ «վաճառելու» ոչինչ չունի։ Արտաքին քաղաքականությունը լիովին ձախողված է, տնտեսությունը՝ կանգնած լուրջ մարտահրավերների առաջ։ ԵԱՏՄ-ի հետ կապերի խզումը կրակոց է ոչ թե ոտքի, այլ՝ գլխին»,- նշել է պատգամավորը։

Ըստ Eurasianet պարբերականի հոդվածի՝ այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը ստիպեց ավելի քան 100,000 հայերի հեռանալ Արցախից, Հայաստանը բանակցային լծակներ չունի Բաքվի հետ կայուն խաղաղության համաձայնագիր ապահովելու համար: Հայաստանի կառավարության աչքում լծակներից մեկը ՀԱՊԿ-ից լիակատար դուրս գալու սպառնալիքն է։ Սակայն Մոսկվան ակնհայտորեն պատրաստ է սպասելու՝ արդյո՞ք բլեֆ չի անում Փաշինյանը։ Հոդվածում նաև նշվել է, որ ՀՀ կառավարությունն այժմ դիմակայում է նաև աճող ներքին դժգոհությանը՝ ներառյալ բողոքի երթը։