
Ռուսական կողմին բազմաթիվ հարցեր ունենք, բայց ունենք նաև իրավապայմանագրային կարգավորումներ ու հարաբերություններ․ Բագրատ սրբազանը՝ BBC-ի հարցին
Այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններ գոյություն չունեն, չկան ո՛չ բանակցություններ, ո՛չ հարաբերություններ․ պատասխանելով BBC-ի թղթակցի հարցին՝ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, և դրանք տեղի պիտի ունենան իրական մարդկանց հետ՝ իրական հարաբերությունների մեջ, ոչ թե պարզապես իմիտացիոն սկզբունքով։ Այս ամբողջ հարաբերությունները պետք է տեղի ունենան օրինակելի օրակարգով: Մենք պետք է հարաբերությունները բերենք բանակցային տրամաբանության և ոչ թե այսպես հարկադրանքի, ուժի սպառնալիքի ներքո տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված։ Մենք խոսում ենք իրական խաղաղության մասին, ոչ թե մինչ օրս շարունակվող պատերազմի»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ռուս խաղաղապահների դուրսբերմանը ՀՀ սահմաններից և «Զվարթնոց» օդանավակայանից, Սրբազանը պատասխանել է․ «Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն օրերը չեն ապրում, եթե չասեմ՝ վատագույն օրերն են ապրում։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք ռուսական կողմին, բայց նաև ունենք իրավապայմանագրային կարգավորումներ, հարաբերություններ, մակարդակ։ Այդ բոլոր հարցադրումները պետք է տեղի ունենան փոխադարձ հասկացողության, փոխվստահության, կառուցողական մակարդակի վրա։
Պետք է նաև ընդունել, որ հարաբերությունները միակողմանի չէ, որ ավերվում կամ ձախողվում են, դրանք երկուստեք են տեղի ունենում, պետք է հիմնված լինեն փոխադարձ հասկացողության վրա։ Կլինի ՌԴ-ն, թե կլինեն այլ գործընկերներ, դա մասնավոր հարց չէ, միայն մի դրվագ չէ, ամբողջական փաթեթի մասին է մեր վերաբերմունքը։


