ՔՊ պատգամավորները հայտարարել են, որ չեն մասնակցելու և բոյկոտելու են արտահերթ նիստը․ Մենուա Սողոմոնյան
Այսօրվա ԱԺ խորհրդի նիստի նպատակն այն էր, որ դրա ընթացքում հաստատվեր արտահերթ նիստ իրականացվելու ընդդիմության առաջարկը։ Այդ նիստով պետք է քննարկվեր Կառավարության 2021-2026 թվականների ծրագրերի դրույթների տապալման պատճառով Կառավարության հրաժարականի պահանջ ներկայացնելը։ Ազգային ժողովն է Կառավարություն ձևավորել։ Այսինքն՝ սա տարբերվում է իր բնույթով անվստահություն ներկայացնելու գործընթացից, բայց քաղաքական նշանակության թիրախայնության տեսանկյունից համարժեք է դրան․ ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
«Եթե պատգամավորների մեծամասնությունը՝ 54 հոգին, պահանջում է, որ Կառավարությունը հրաժարական տա, նշանակում է, որ ուժային բալասն է փոխվում քաղաքական իշխանության մեջ։ Իմ տեղեկությամբ՝ շատ ցինիկ ձևով մերժվել է արտահերթ նիստ գումարելու պահանջը։
Այստեղ կարևոր է, որ ժողովուրդի ձևակերպած Կառավարության հրաժարականի պահանջից հետո այստեղ մեծ թվով մարդիկ հավաքվեն։ Այդ ուժով կարող ենք ստիպել, որ նիստը գումարվի ու Կառավարության հրաժարական տալու օրակարգային հարցը դառնա քննարկման հարց»,- ասել է Սողոմոնյանը։
ՔՊ պատգամավորները հայտարարել են, որ չեն մասնակցելու և բոյկոտելու են նիստը, որպեսզի տեղի չունենա։
«ՔՊ-ի այս մտադրությունը իրականություն տեղի չունենալու համար մենք պետք է ֆիզիկական ներկայությամբ ճնշում գործադրենք։ Մեր հայրենակիցներին խնդրում, կոչ ենք անում գալ ու այստեղ լինել։ Քիչ անց կավարտվի նաև խորհրդակցությունները պատգամավորների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդների միջև։ Ավելի հստակ կասեն նրանք, թե ինչ են նախատեսում անել առաջիկայում»,- ասել է Սողոմոնյանը։
Այսօր մեր երկրի առաջ ծառացած խնդրին բոլորս պետք է մեծ սրտացավությամբ վերաբերենք, որպեսզի հաջողության հասնենք՝ ըմբռնումով մոտենալով՝ ասել է Սողոմոնյանը։