Ադրբեջանը միայն բարդացնում է իր դիրքը ԵԽ-ում. ԵԽԽՎ նախագահ
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշ անդամներ Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել։
«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս դիրքը ԵԽ-ում: Անդամ երկրները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները: Իրենց խղճի համաձայն քվեարկածներին սև ցուցակում ընդգրկելը կարող է հանգեցնել միայն հակառակ արդյունքի»,-նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ 2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու օգտին քվեարկած պատգամավորներին թույլ չեն տա մտնել Ադրբեջան։
ԵԽԽՎ պատգամավորների այս որոշման պատճառը Ադրբեջանի՝ որպես ԵԽ անդամի կողմից իր պարտավորությունների համակարգված խախտումն է եղել: