13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը

Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը

«Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը հավասարազոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության առաջարկը՝  ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագա փուլերին, լիովին անիրատեսական է, նման նախադեպեր չկան։ Հայկական կողմը հաճախ է առաջարկներ հնչեցնում՝  նախապես իմանալով, որ դրանք չեն կարող ընդունվել»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից արված հերթական առաջարկին, որով վերջինս պնդում էր, թե առաջարկում են Ադրբեջանին ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն հաստատված կետերը, իսկ մնացածը թողնել բանակցություններից ու համաձայնության գալուց հետո։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն  օրեր առաջ Աժ ամբիոնից հայտարարել է, որ ինքն արգելել է պայմանագրի կետերը ցույց տալ ընդդիմադիր պատգամավորներին։

«Հայաստանի իշխանության նպատակն է ստանալ փաստաթուղթ, որը հնարավոր կլինի հանրությանը ներկայացնել որպես խաղաղության հասնելու՝ իշխանության խոստման կատարում։ Իրականում իրադարձություններն ավելի վատ սցենարով են զարգանում, որովհետև այն հարցերը, որոնք Հայաստանի և Ադրբեջանի օրակարգում են որևէ կերպ լուծում չեն ստանում, որովհետև Ադրբեջանն անընդհատ փորձում է ստանալ ավելին»,-անդրադառնալով  Ալիևի այս հայտարարություններին՝ ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խժմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ադրբեջանը չի ստորագրում, բայց այս իշխանությունը պատրաստ է զիջումների գնով ստորագրել այն․ նման կարծիք է հայտնում պատգամավորն ու հավելում, որ թշնամին սա լավ  գիտակցում է ու Հայաստանի առաջ դնում է նոր պահանջներ, որի հետևանքով բանակցության գործընթացը մտնում է փակուղի։

«Ադրբեջանի նախագահը հասկանում է այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի իշխանությունը, իսկ նրանք իշխանության պահպանման համար հայտնվել են թակարդում,  ու փորձում է ստանալ շատ ավելին, քան կարելի էր պատկերացնել մի քանի տարի առաջ։ ՀՀ-ն էլ այս իրավիճակում շարժվում է ոչ թե մեր երկրի շահերի առաջնահերթությունով, այլ սեփական իշխանությունը պահելու առաջնահերթությունով»,-ասել է նա։

Պայմանագրի չհամաձայնեցված կետերը մի քանիսն են, համենայնդեպս երևացող էջերում Աբրահամյանն այդքանն է տեսել։ Առաջինը տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցն է։

«4 տարի առաջ կողմերն այլ բան էին քննարկում, բայց ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան ու պարզ դարձավ, որ այս թեման չի սահմանափակվում  միայն Հայաստան-Ադրբեջան տարածքով, որոշ իմաստով այն ունի աշխարհաքաղաքական նշանակություն և ազդեցություն։ Սրանով պայմանավորված այս թեման ավելի է խճճվում»,-նշել է պատգամավորը։

Պայմանագրի կետերից մեկն էլ, որի շուրջ կողմերը համաձայնության չեն կարողանում գալ՝ սահմանազատումն է։

«Սահմանազատման աշխատանքները բավականին խճճված են, թեպետ այն մեր սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել։ Բայց այստեղ վերևից իջեցրած քաղաքական որոշումն ու հանձնարարությունն ավելի պարզ է, բայց դրանք անգամ խորհրդարանում վավերացման դեպքում չեն ենթադրում գործընթացի հարթ ճանապարհ կամ ընթացք։ Այս պարագայում դա բավական ակտիվ աշխատանք է ենթադրում։ Ադրբեջանն էլ այդ կանոնակարգով բավականին ականներ է շարել Հայաստանի գլլխին, որոնք տարբեր փուլերում պայթելու են»,-նշել է նա։

Պատգամավորն ասում է, որ Ադրբեջանը նաև ձգտում է Հայաստանի ապառազմականացմանը, որը դուրս է օրակարգի տրամաբանությունից։

«Հաշվի առնելով ՀՀ իշխանության զիջողական քաղաքականությունը, Ադրբեջանն անընդհատ փորձում է այս հարցն ընդլայնել։ Իսկ ապառազմակայնացման դրույթի ի կատար ածելը ՀՀ-ի վերջն է նշանակում»,-եզրափակել է Տիգրան Աբրահամյանը։