ABCMEDIA
Հանրային քրեական հետապնդում են հարուցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում են հարուցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ

Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն
է տարածել

 «1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային
համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական
և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, ընդհանուր օգտագործման
ճանապարհներն ու այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին
և իրավաբանական անձանց), նույն համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.-ի, քաղաքաշինության
բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ, ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք:
Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար
403 դրամ:

Արդյունքում՝ Վ.Ղ.-ն պետության և համայնքի
շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական
դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար
815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վ.Ղ.-ն օտարել
է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը` Գ.Ղ.-ն,
իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների
մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին:

Ա.Մ.-ն 2009 թվականին վերոնշյալ հողամասն
առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման
պայմանագրով հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, 2014 թվականին Հ.Գ.-ն վերոնշյալ հողամասը
նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.-ին, ով 2017 թվականին՝ նվիրատվության
պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.-ի որդուն` Ս.Ղ.-ին:

 Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական
նախաձեռնությամբ Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 24 դեպքով՝
18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական
կեղծիքը), 7 դեպքով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,
որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 19 դեպքով՝ 308-րդ հոդվածի 1-ին
մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը
կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից
կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների
իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին)
և 4 դեպքով՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով`
hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական
նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև՝ Գյումրի համայնքի նախկին
ղեկավար Վ.Ղ.-ին օժանդակած Գ.Ղ-ի (եղբայր) և Ս.Ղ-ի (որդի) նկատմամբ:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի
պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա
19 անուն գույքերն օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով
հայցեր է հարուցել Վարչական դատարան, իսկ 5 անուն գույքերի վերաբերյալ` նույն պահանջով,
նախապատրաստվում են վարչական հայցեր:

Միևնույն ժամանակ, նույն քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել  վերոնշյալ 24 անշարժ գույքերի ապօրինի օտարման գործընթացում
Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից՝ 2006-2011 թվականների ընթացքում, ծառայության
նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները
ոչ պատշաճ կատարելու և անզգուշությամբ պետության և համայնքի շահերին էական, իսկ որոշ
դեպքերում՝ այլ ծանր հետևանքներ պատճառելու առերևույթ հանցավոր դեպքերի մասին: Այդ
կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝
18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով
(պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»: