13 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետաշխատողները վախենում են դառնալ աշխարհի ամենահարուստ մարդու թիրախը

ԱՄՆ պետաշխատողները վախենում են դառնալ աշխարհի ամենահարուստ մարդու թիրախը

Երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին խորհուրդ կտան մեծ կրճատումներ կատարել իր վարչակազմի դաշնային կառավարությանը, շատ պետական ծառայողների համար պարզ դարձավ, որ իրենց աշխատատեղերը կարող են կրճատվել, գրել է CNN-ը:

Այժմ նրանք վախենում են դառնալ աշխարհի ամենահարուստ մարդու և նրա հետևորդների լեգեոնների անձնական թիրախը:

Անցյալ շաբաթ Մասկը X -ում երկու գրառում է կատարել, որոնք բացահայտել են մարդկանց անուններն, ովքեր զբաղեցրել են կլիմայի հետ կապված չորս համեմատաբար անհասկանալի կառավարական պաշտոններ: Յուրաքանչյուր հրապարակում դիտվել է տասնյակ միլիոնավոր անգամներ, և նշված անձինք ենթարկվել են բացասական ուշադրության: Նշված չորս կանանցից առնվազն մեկը ջնջել է իր սոցիալական ցանցերի հաշիվները:

Թեև այդ պետական պաշտոնների վերաբերյալ նրա հրապարակած տեղեկատվությունը հասանելի է հանրային առցանց տվյալների բազաներում, այս հաղորդագրությունները ուղղված են պետական աշխատողների դեմ, որոնք ուղղակիորեն չեն առնչվում հանրության հետ:

Մի քանի դաշնային աշխատակիցներ CNN-ին հայտնել են, որ վախենում են, որ իրենց կյանքը ընդմիշտ կփոխվի։ Նրանք մտահոգություն են հայտնել նաև, որ կարող են ֆիզիկական սպառնալիքներ ստանալ, քանի որ Մասկը կուլիսային բյուրոկրատներին դարձնում է անձնական թիրախ:

«Այս մարտավարությունն ուղղված է դաշնային աշխատակիցների շրջանում սարսափ և վախ սերմանելուն», – նշել է Էվերեթ Քելլին՝ Կառավարության աշխատակիցների ամերիկյան ֆեդերացիայի նախագահը։

Սա նոր պահվածք չէ Մասկի համար, ով հաճախ առանձնացնում է մարդկանց, ովքեր, իր կարծիքով, սխալվել են կամ կանգնել են իր ճանապարհին: Դա մարդկանց վախեցնելու նրա ձևն է, որպեսզի նրանք  կա՛մ լքեն աշխատանքը, կա՛մ ազդանշան ուղարկեն մյուսներին, որ «դնրանք կարող են հաջորդը լինել»։