29 Դեկ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ դատի հանձնախումբը քննարկել է քաղաքական առաջնահերթությունը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի պայմաններում

Հայ դատի հանձնախումբը քննարկել է քաղաքական առաջնահերթությունը ԱՄՆ նոր ադմինիստրացիայի պայմաններում

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դաշնային, շրջանային և նահանգային ղեկավարները, ինչպես նաև Հայ դատի համակարգին կից գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին Կալիֆոռնիայում, Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարան-թանգարանում քննարկել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղությունները 2024թ․ընտրություններից հետո։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են եղել ինչպես Սպիտակ տան վարչակազմի, այնպես էլ կոնգրեսականների հետ աշխատանքի առաջնահերթ ուղղությունները, հատկապես այն կոնգրեսականների հետ, ովքեր ընտրությունների ընթացքում վայելել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարումը։ Այդպիսի թեկնածուների շուրջ 90 % -ը ընտրապայքարն ավարտել է հաջողությամբ։

Խորհրդաժողովի բացման խոսքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը մասնավորապես նշել է․«Մենք հավաքվել ենք՝ որպես հայ ազգի երկրորդ բանակ, հենվելով մեր հավաքական ուժերի և ռազմավարական պատկերացումների վրա, որպեսզի ընթանանք դեպի այն դժվարին մարտահրավերներն ու շատ իրական հնարավորությունները, որոնք տեսնում ենք Վաշինգտոնում։

Հայ դատի ղեկավարները Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում ներկայացնում են մեզանից ամենալավերին: Նրանք ունեն համարձակ տեսլական, խորը նվիրվածություն, քաղաքական փիլիսոփայություն և իրական աշխարհի քաղաքական հմտություններ, որոնք կարևոր են Վաշինգտոնում որոշումներ կայացնողների վրա ազդելու համար: Այն փաստը, որ Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին բոլոր 50 նահանգներում աջակցում են հզոր համայնքային կառույցներ, նրանց ավելի ուժեղ է դարձնում»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի կողմից ներկայացվել է կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները գալիք վարչակազմի և Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի համար: Դրանք ներառում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերսկսված հակահայկական ագրեսիայի զսպումը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, ապօրինի կալանավորված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, հայ փախստականներին մարդասիրական օգնության տրամադրումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և Արցախում իրականացված էթնիկ զտման ցեղասպանական գործողությունների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկումը։ Մասնավորապես, կարևորվել է Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկման ապահովումը, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության բացառումը, ադրբեջանցի պատերազմական հանցագործների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառումը, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունների ամերիկյան հետաքննությունը, Հայաստանին տրամադրվող մարդասիրական բնույթի օժանդակության ավելացումը, Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի պատկերի վերաբերյալ ամերիկյան պատշաճ արձագանքի ապահովումը և այլն։

Հայ դատի համակարգում գործող՝ Հայկական իրավական կենտրոնի ներկայացուցիչներն իրենց զեկույցներում հանգամանորեն ներկայացրել են անվտանգ և արժանապատիվ կերպով արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել են նաև հայկական շահերի պաշտպանության գործում զանգվածային լրատվության արդի գործիքների լայն կիրառմանը վերաբերող հարցեր։

Հրապարակային զեկույցներից հետո, խորհրդաժողովի աշխատանքները շարունակվել են փակ ձևաչափով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործունեության ռազմավարական ուղեգծի ամբողջացման համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ