05 Դեկ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Volkswagen-ը կարող է կրճատել հազարավոր աշխատակիցների

Volkswagen-ը կարող է կրճատել հազարավոր աշխատակիցների

Գերմանական Volkswagen ավտոարտադրողի աշխատակիցները պատրաստ են դեկտեմբերին գործադուլ անել՝ ընդդեմ կրճատումների և որոշ գործարաններ փակելու պլանների, հայտարարել է Գերմանիայի խոշորագույն IG Metall արհմիությունը։

Միության գլխավոր բանակցող Թորսթեն Գրյոգերը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է վերածվել այնպիսի աշխատանքային վեճի, ինչպիսին երկիրը երկար ժամանակ չէր տեսել:

«Բոլոր գործարանների աշխատողները պատրաստ են կոնֆլիկտի: Թե որքան երկար դա կտևի և որքան ծանր կլինի, կախված է Volkswagen-ի գործողություններից»,- հավելել է նա:

Սակագների շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 9-ին, մինչ այդ արհմիությունը մտադիր է գործադուլներով ճնշում գործադրել:

Անցյալ շաբաթ կոնցեռնի ավելի քան վեց հազար աշխատակից ցույց է անցկացրել Վոլֆսբուրգ քաղաքում՝ պլանային կրճատումների պատճառով։

Խնայողությունների համար կոնցեռնը պատրաստվում է Գերմանիայում փակել առնվազն երեք գործարան, ինչը կհանգեցնի տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատմանը։ Ընդհանուր առմամբ՝ ընկերությունում աշխատում է մոտ 120 հազար մարդ Գերմանիայի տասը գործարաններում։

Volkswagen-ը նախկինում չի բացառել աշխատողների կրճատումն ու արտադրությունը փակելը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրճատումները կարող են սկսվել 2025 թվականի հուլիսի 1-ից։