Նոր վիրուս է բռնկվել աշխարհում՝ հիվանդանոցները հիշեցնում են COVID-ի մահացու օրերը
Սա կորոնավիրուսը չէ, ոչ էլ նախկին օրերի մասին հիշողությունները: Սա հիմա է ու կրկին Չինաստանում: Այո, այստեղ նոր վիրուս է մոլեգնում, այս անգամ մետապ-նևմո-վիրուս անվամբ:
Հիվանդությունը սովորաբար թեթև ընթացք է ունենում, սակայն թույլ իմունիտետով հիվանդների մոտ այն կարող է վերածվել թոքաբորբի և մահացու լինել։ Պաշտոնական Պեկինը հավատացնում է որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, սակայն սոցիալական ցանցերում տարածվում են գերծանրաբեռնված հիվանդանոցների տեսանյութեր ու լուսանկարներ, առաջացնելով նոր պանդեմիայի մասին մտահոգություններ:Վարակվածների թիվն աճում է 14 տարեկան և ավելի փոքր երեխաների շրջանում, իսկ հիվանդությունն առավել տարածված է Չինաստանի հյուսիսային նահանգներում։ Վիրուսն արդեն զգալի լարվածություն է ստեղծել տեղական առողջապահական համակարգում:
Վիրուսն ունի մարդուց մարդուն փոխանցվելու և արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ վարակված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում: Հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում մնալ տանը, դիմակ կրել մարդաշատ վայրերում կամ վատ օդափոխվող վայրերում, հազալու կամ փռշտալու դեպքում քիթն ու բերանը ծածկել անձեռոցիկով, պարբերաբար լվանալ ձեռքերը և ախտահանել մակերեսները: