20 Հլս
2024
19.4° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն կրակ է բացել Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ, կան զոհեր (թարմացվող)

Ադրբեջանն կրակ է բացել Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ, կան զոհեր (թարմացվող)

19:40

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու  համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը և հայցում հանրության և զինծառայողի ընտանիքի ներողամտությունը:

18։10

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն
են։

Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը,
Նարեկ Կարենի Պողոսյանը:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար
պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

17։31

Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն
կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

16:10

Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր: 

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ՝ զինծառայողների ընտանիքներին պատշաճ, սահմանված կարգով իրազեկելուց հետո:

14:32

Ժամը 14:30-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը
պահպանվում է: Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ
հաղորդագրությամբ:

13։31

13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

13։15

Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները
Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

12:57

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:

12:42

Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


12։04

Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում
այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է
կենտրոնացնում Սոթքի հատվածում:

Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում
Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով:

11:27

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական
կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է:

11։10

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի
ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի
մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ:

10:31

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի
ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: 

10:24

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար
ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք
ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում
տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ
հաղորդագրությամբ: