
Մերձավոր Արևելքի ճգնաժամերը հրահրում են իսլամական արմատականության աճ․ ՌԴ ԱԴԾ
Սիրիայում իշխանության փոփոխությունը, Գազայի հատվածում հակամարտությունները և Իրանի վրա անընդհատ ճնշումը հրահրում են իսլամական արմատականության աճն ամբողջ աշխարհում։ Այս մասին նշել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն՝ ահաբեկչության դեմ պայքարի՝ ԱՊՀ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների 18-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում։
ԱԴԾ ղեկավարը ուշադրություն է հրավիրել Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, աֆղանա–պակիստանյան գոտում և Կենտրոնական Ասիայում աճող անկայունության պատճառով ԱՊՀ անվտանգությանը սպառնացող վտանգների վրա։
«Դրա հիմնական պատճառներն են ինչպես Արևմուտքի պայքարի ուժեղացումն՝ իր աշխարհաքաղաքական դիրքը պահպանելու համար, այդ թվում՝ ահաբեկչական կառույցների օգտագործումը, այնպես էլ նրանց կողմից նեոգաղութատիրական քաղաքականության շարունակությունը։ Առաջատար դերը պատկանում է անգլոսաքսոններին», – ընդգծել է ԱԴԾ ղեկավարը։
Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարները հույսը դնում են Աֆղանստանում և Սիրիայում գործող զինյալների, ինչպես նաև սիրիական բանտերից ազատ արձակված Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի քաղաքացիներից ահաբեկիչների վրա, ովքեր «արդեն բացահայտորեն հայտարարում են իրենց ծագման երկրների նկատմամբ ագրեսիվ ծրագրերի մասին»։