25 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանին կոչ ենք անում վերականգնել միջանցքով մեքենաների ազատ տարանցումը․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Ադրբեջանին կոչ ենք անում վերականգնել միջանցքով մեքենաների ազատ տարանցումը․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Մտահոգված ենք մնում Լաչինի
միջանցքի շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային,
հումանիտար և մասնավոր մեքենաների համար․ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության
մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը։

«Այս տեսակի մարդասիրական երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով,
վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության
ամրապնդմանն ուղղված ջանքերը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել
այս միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցումը։ Մենք
նաև տեղյակ ենք, որ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդիպում է ունենալու Լեռնային Ղարաբաղի
հարցի քննարկման համար և ակնկալում ենք, որ այնտեղ ևս տեղի կունենան քննարկումներ»,-ասել
է Պատելը։

Հարցին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունն ի՞նչ դիրքորոշում ունի
այս հարցի առնչությամբ, Պատելը խուսափել է պատասխանել։

«Մենք հետևողականորեն նշել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունը
էական նշանակություն ունի այս երկարամյա հակամարտությունը լուծելու հարցում, և կարծում
ենք, որ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի
Հարավային Կովկասի ժողովուրդներին, լավ և դրական քայլ կլինի»,-ասել  է նա։