ABCMEDIA
Աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկը փորձում է իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը. AEI

Աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկը փորձում է իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը. AEI

«Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ» (AEI) վերլուծական կենտրոնի  փորձագետ Մայքլ Ռուբինն իր հեղինակային հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և «Լեռնային Ղարաբաղում շարունակվող սովին, որն առաջացել է Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով։ 

Հեղինակը հիշեցրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից իր երկրի նախագահ Ջո Բայդենի խոսքերի մեջբերումը սովի վերաբերյալ՝ այն է «Եթե ծնողները չեն կարող կերակրել իրենց երեխաներին, ուրիշ ոչինչ կարևոր չէ», և այս կոնտեքստում պետքարտուղարի կողմից Արցախի անտեսումը «ցինիզմ» է անվանել։ 

Սակայն հոդվածագիրը նշում է, որ ոչ բոլորն են անտեսում Արցախը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որում Ադրբեջանի գործողությունները որակվել են որպես ղեղասպանություն։ 

«Ալիևը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և որ նրա բնակիչները պետք է ենթարկվեն իր իշխանությանը՝ աշխարհի ամենավտորիտար բռնապետություններից մեկին: ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը Ադրբեջանի  անկախությունից հետո երբեք չի եղել միանշանակ. ավելի շուտ, տարածաշրջանի նկատմամբ ինքնիշխանության ճանաչումը կախված էր վեճի խաղաղ կարգավորմանը Ադրբեջանի համաձայնությունից և տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հավասարակշռումից։ Նույնիսկ եթե Բլինքենը ստիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հրաժարվի տարածաշրջանի նկատմամբ հայկական պահանջներից, Փաշինյանը ոչ իրավունք ունի, ոչ էլ կարողություն զրկելու բնակիչների ինքնորոշման օրինական իրավունքներից» ,- նշել է հոդվածագիրը։ 

Ռուբինն ԱՄՆ իշխանություններից պահանջել է նաև էթնիկ զտումներ իրականացնող Ադրբեջանին այլև չֆինանսավորել և փոխարենը ամերիկյան դրոշի ներքո բեռնատարներ ուղարկել Լաչինի միջանցք՝ ամերիկացի դիվանագետների հսկողության ներքո, իսկ եթե Ադրբեջանը հրաժարվի օգնությունը ներս թողնել Լեռնային Ղարաբաղ, հեղինակի խոսքով, ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի և հետ կանչի իր դեսպանին Բաքվից: