ABCMEDIA
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական տեսլականն արտացոլում է միայն Ադրբեջանի տեսակետը. Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական տեսլականն արտացոլում է միայն Ադրբեջանի տեսակետը. Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովին

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը
արցախա-ադրբեջանական բանակցություններ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու
ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու
Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում
նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը
արտացոլում է միայն Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության
արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։ Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան
հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ
է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և
հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝  միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն
ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի
միջազգային ինչ-որ բանակցային մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է»,- ասված է
հայտարարության մեջ:

Արցախի արտգործնախարարությունն ընդգծել է մարդու իրավունքների զանգվածային
լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի
վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության
սկզբունքի նկատմամբ։

«Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև
բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի
սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը
բազմիցս հղում է արել»,- ասված է հայտարարության մեջ։