
Մենք խոսքի համար չենք կալանավորում, գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի․ Արայիկ Հարությունյան
Մենք խոսքի համար չենք կալանավորում, առհասարակ գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի. ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ընդդիմադիրների ձերբակալություններին։
«Մենք ապրում ենք իրավական պետությունում։ Իրավապահները կալանավորում են Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով»,- ասաց նա։
Նա նշեց, որ լինելով գործադիրի ներկայացուցիչ՝ որակումներ չի տալիս, դատական համակարգը կտա՝ արդյոք այդ ամենը իրավաչափ է եղել, թե ոչ։
Արտահերթ ընտրությունների մասով․ Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք արտահերթի չեն գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի։
«Մենք ունենք գործընկերներ, որոնք խոսում են արտահերթի մասին։ Բայց մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա։ Գնում ենք հերթական ընտրությունների։ Խնդրում եմ՝ ավելորդ ինտրիգներ չփնտրել»,- ասաց նա:


