
Ո՞ր հարթակների վրա է ազդել Cloudflare-ի աշխատանքի խափանումը․ փորձագետներն են մեկնաբանել
Այսօր՝ ժամը 15:48 րոպեից, աշխարհի խոշորագույն DDoS պաշտպանություն և բովանդակության հասանելիություն ապահովող հարթակը՝ Cloudflare-ը, խնդիր է ունեցել, որի հետևանքով հայաստանյան բազմաթիվ լրատվակայքեր, որոնք օգտվում էին Cloudflare-ից, անհասանելի էին դարձել։ Որոշ կայքեր մինչ այժմ լիարժեք չեն վերականգնվել․ իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։
«Վատն այն է, որ ըստ Cloudflare-ի տարածած հաղորդագրության՝ իրենք դեռ «աշխատում են այս խնդրի ամբողջական ազդեցությունը հասկանալու և մեղմելու ուղղությամբ»։ Փիառի լեզվից մարդկային լեզու թարգմանելով՝ ես սրանից եզրակացնում եմ, որ իրենք նույնիսկ մինչև վերջ չեն հասկացել, թե ինչ պատճառով է խնդիրը եղել, որպեսզի հասկանան, թե դա ինչքան է տարածվել և ում վրա է ազդել։
Միջազգային լրահոսում արդեն հրապարակումներ կան, որոնցից կարելի է եզրակացնել, որ խնդիրն ազդել է անգամ X-ի, ChatGPT-ի և այլ խոշոր հարթակների վրա։
Նման պահերին հասկանում ես, թե ինչ աստիճանի մեծ է մեր և առհասարակ ամբողջ աշխարհի ինտերնետի կախվածությունը մի քանի հիպերկենտրոնացած, գերհսկա ենթակառուցվածք ապահովող ծառայություններից»,- գրել է նա։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրել է, որ Cloudflare-ի աշխատանքում խափանումն ազդել է բոլոր նրանց վրա, ովքեր կապ ունեն դրա հետ։
«Իսկ հետը կապ ունեն համարյա բոլորը, օրինակ՝ մեր լրատվական դաշտը»,- գրել է նա։


