ABCMEDIA
ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապացությամբ․ ԱԳՆ

ՌԴ դեսպանին է ներկայացվել Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի կապացությամբ․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 16-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ միջադեպի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակով է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել Արտաքին գործերի նախարարություն։ «Հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ»,- ասաց Բադալյանը։

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Նշվում է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր։ Համացանցում տարածված տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի զինվորականները ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ փորձում տեղադրել Ադրբեջանի դրոշը Հակարի կամրջի վրա։