
Արցախցիների վերադարձի հարցը մեր առաջնահերթություններից է․ Հայկ Մամիջանյան
Նախընտրական փուլում, երբ քաղաքական դաշտն ակտիվ է, և տարբեր ուժեր հանդես են գալիս հիմնականում տնտեսական բնույթի հայտարարություններով, հանրային ուշադրության կենտրոնում համեմատաբար քիչ է հայտնվում արցախցիների վերադարձի հարցը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում այդ թեման եղել և շարունակում է մնալ առաջնահերթ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության վերջին՝ 18-րդ համագումարի բանաձևում առանձին կետով ամրագրված է Արցախի հայության՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքը։ Նրա խոսքով՝ իշխանության կողմից առաջ քաշվող մոտեցումը, թե այդ հարցերի մասին խոսելը կարող է սրել իրավիճակը, չի համապատասխանում իրականությանը։
Մամիջանյանը շեշտեց, որ թե՛ միջազգային իրավունքի նորմերով, թե՛ քաղաքական փաստաթղթերով ամրագրված են այնպիսի հիմնարար իրավունքներ, ինչպիսին են ինքնորոշման և հայրենիք վերադառնալու իրավունքները, և դրանցից հրաժարվելը չի կարող լինել ընդունելի քաղաքականություն։
Նրա գնահատմամբ՝ վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ նույնիսկ այդ թեմաներից խուսափելը չի հանգեցրել Ադրբեջանի կողմից հռետորաբանության մեղմմանը։
Անդրադառնալով իշխանության՝ ընդդիմության հասցեին արված մեղադրանքներին՝ մասնավորապես Հայ հեղափոխական դաշնակցության վերաբերյալ հնչող գնահատականներին, Մամիջանյանը դրանք անվանեց անհիմն և իրականությունից կտրված։ Նա ընդգծեց, որ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման շրջանում և նրանց քաղաքականության հետևանքով։
Քաղաքական գործիչը նաև քննադատեց հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի թափանցիկության պակասը՝ մատնանշելով, որ հրապարակային հայտարարությունները հաճախ հակասում են իրական զարգացումներին։ Որպես օրինակ նա նշեց, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար առաջ են քաշվում նոր նախապայմաններ, որոնք նախապես չեն ամրագրվել պաշտոնական փաստաթղթերում։
Մամիջանյանի խոսքով՝ սա հիմք է տալիս ենթադրելու, որ կարող են գոյություն ունենալ չհրապարակված պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ։ Նա կոչ արեց հանրությանը առավել քննադատաբար մոտենալ պաշտոնական հայտարարություններին և պահանջել ավելի մեծ հաշվետվողականություն իշխանություններից։


