
1828-1829 թվականների պարսկահայերի մեծ ներգաղթը Երևան
1828 թվականին Թուրքմենչայում ստորագրվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որից անմիջապես հետո սկսվեց Արևելյան Հայաստան ներգաղթ կազմակերպելու ծրագիրը: Սկզբնական շրջանում ցարական իշխանությունը ցանկանում էր Հայաստան բերել մոտ 80 հազար կազակների, սակայն հայերի շնորհիվ այդ ծրագիրը չիրագործվեց: Որոշում կայացվեց Արևելյան Հայաստան տեղափոխել Պարսկաստանում ապրող հայերին:
«Այդ հանձնարարվում է Թավրիզի պարետ, գնդապետ Լազար Լազարյանին, որին տրամադրվում է չնչին գումար՝ 25 հազար արծաթ ռուբլի, երբ Պարսկաստանից ստացված ահռելի ռազմատուգանքից Նիկոլայ Առաջինի հրամանով Պասկևիչին ընծայվեց մեկ միլիոն ռուբլի: Ներգաղթի իրագործմանը եռանդուն մասնակցություն ունեցան նաև Պարսկաստանում ռուսական արտակարգ լիազոր դեսպան Ա. Գրիբոյեդովը, հայազգի բարձրաստիճան զինվորականությունն ու հոգևորականությունը: Շահական կառավարությունն ամեն ինչ անում էր, որպեսզի չզրկվի իր աշխատասեր հարկատուներից: Կարճ ժամանակամիջոցում (1828-29 թթ.) Արևելյան Հայաստան տեղափոխվեցին շուրջ 45 հազար հայեր: Հայկական մարզում գաղթականները բազմաթիվ դժվարություններ կրեցին: Նրանք հարկադրված էին ապրել վրաններում կամ էլ մնացին անօթևան: Նրանցից շատերը սովի մատնվեցին»:
(Վարդանյան Ս., «Հայաստանի մայրաքաղաքները», Երևան, 1995, էջ 217): Ժամանակակիցների հուշերն ու պատմական փաստերը ցույց են տալիս, որ Արևելյան Հայաստան և հատկապես Երևան եկած հայ գաղթականները չեն կարողանում ապրել դժվար ու բարդ պայմաններում: Նրանց մի մասը մահանում է, մի մասը տեղափոխվում է այլ տեղ, իսկ մի մասն ընդհանրապես հեռանում է Հայաստանից: «Չնայած այս ամենին, այս գաղթականության շնորհիվ , նոր շունչ ստացավ Երևանը, մանավանդ, որ այս պատերազմի ընթացքում ևս նրա բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Պարսկաստանից Երևան գաղթեց 1715 մարդ, Թուրքիայից՝ 48: Եվ դրա շնորհիվ Երևանի բնակչությունը հասավ 11 463 հոգու»: (Նույն տեղում, էջ 218):
Չնայած հայ գաղթականների կրած ծանր փորձություններին ու կորուստներին, նրանց ներգաղթը վճռորոշ դեր ունեցավ Արևելյան Հայաստանի, հատկապես Երևանի ժողովրդագրական վերականգնման գործում։ Այդ գործընթացը ոչ միայն փոխեց տարածաշրջանի բնակչության կազմը, այլև հիմք դրեց հետագա տնտեսական և մշակութային աշխուժացմանը։ 1828–1829 թվականների ներգաղթը կարելի է դիտարկել որպես դժվարություններով ուղեկցված, սակայն պատմականորեն շրջադարձային փուլ Երևանի և հայ ժողովրդի համար:
Արա Զարգարյան


