24 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիսում եմ հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը․ Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Կիսում եմ հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերը․ Էրդողանն ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել։

«Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում կյանքից զրկված օսմանյան հայերին այս տարի ևս հարգանքով հիշում եմ և նրանց ժառանգներին մեկ անգամ ևս ցավակցությունս եմ հայտնում։

Օսմանյան կայսրության փլուզման շրջանում՝ օկուպացիայի, բախումների, ապստամբությունների, խմբավորումների գործողությունների, ահաբեկչական ակտերի և համաճարակների նման պատճառներով կյանքից զրկվածները, Բալկաններից, Կովկասից և Արաբական թերակղզու տարածքներից տեղահանվածները, Անատոլիայի տարբեր հատվածներում իրենց տներում դժբախտություն տեսած բոլոր օսմանյան ժողովուրդները մեծ ցավեր են կրել»,- ասված է ուղերձում։

Նրա խոսքով՝ Օսմանյան կայսրության իշխանության ներքո կյանքի բոլոր ոլորտներում գոյություն ունեցած և արժեքավոր ներդրում ունեցած «օսմանյան քաղաքացի հայերի մեջ» ևս, ցավոք, եղել են մեծ տառապանքներ կրածներ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք կարողացել են պետություն կառուցել՝ չմոռանալով այդ ցավերը, բայց նաև կարողանալով հաղթահարել դրանք։

«Խաղաղության, հանգստության և եղբայրության հիման վրա ավելի լավ օրերի հասնելու համար մենք աշխատում և պայքարում ենք՝ մեր բոլոր քաղաքացիների և բարեկամների հետ միասին՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Մենք ձգտում ենք ապագա սերունդներին թողնել ոչ թե վատ հիշողություններ, այլ մի ապագա, որտեղ ճշմարտությունները կհանդիպեն խղճի լեզվով։

Պատմությունից թշնամություն հանելու փորձ անողներին լավագույն պատասխանը տալիս ենք՝ չընկնելով գաղափարական շրջանակների մեջ, գերադասելով խաղաղության, համակրանքի և երկխոսության լեզուն, հիմք ընդունելով ոչ թե հակամարտությունը, այլ համաձայնությունը»,- ասել է նա ու ընդգծել՝ կիսում է հայ համայնքի՝ անցյալում ապրած ցավերն ու հարգանքով հիշում «կյանքից զրկված բոլոր օսմանյան քաղաքացիներին»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026