
Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը
Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը. գրում է Ermeni Haber-ը։
«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց ժխտման միջոցով։ Չպատժված հանցագործությունը միշտ կրկնվում է»,-նշված է հայտարարության մեջ։
Մարդու իրավունքների միությունը նաև նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված՝ զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։
Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործներ՝ Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաները «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:
Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ իրենք եղել են առաջին կազմակերպությունը՝ Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործել են «Ցեղասպանություն» եզրույթը և սկսել՝ ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։
Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։


