
Առաջիկա ընտրությունները զգալի հետևանքներ կունենան ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ Brussels Signal
Հայաստանի առաջիկա ընտրությունները, որոնց ընթացքում նշանակվելու է հաջորդ վարչապետը, կարող են զգալի հետևանքներ ունենալ Եվրամիության համար, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ նրա փխրուն հարաբերությունների համատեքստում. գրում է Brussels Signal-ը։
Հունիսի 7-ի քվեարկությունը կարող է նշանակել վճռորոշ աշխարհաքաղաքական տեղաշարժ։ Սա կարող է ստեղծել նոր արևմտյան շրջադարձ հետխորհրդային տարածքում։
ՀՀ կառավարության պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են խոսում երկրի եվրոպական ձգտումների մասին։ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում, հավանաբար, կամրապնդի այս ուղղությունը՝ մոտեցնելով Հայաստանը ԵՄ-ին և ամրապնդելով նրա շարունակական աշխարհաքաղաքական վերադասավորումը դեպի Արևմուտք։
ԵՄ-ն արտահայտել է իր աջակցությունը Հայաստանի ներկայիս ուղեգծին և նրա եվրոպամետ կողմնորոշմանը։ Այս ֆոնին ի հայտ է գալիս ուժեղ մրցակցության 2 ձև. մի կողմից՝ ներքին ընդդիմադիր ուժերը։ Հանրության, կրոնական շրջանակների և քաղաքական ընդդիմության մի մասը մոբիլիզացվում է կառավարության ներկայիս ուղու դեմ, մյուս կողմից՝ որոշ միջազգային դիտորդներ ավելի ու ավելի են զգուշացնում ներքին ենթադրյալ ոչ լիբերալ շեղման մասին, որի վրա, ինչպես ասվում է, հիմնված է այս նոր աշխարհաքաղաքական ուղին։
Քաղաքական մակարդակում ընդդիմադիր ուժերը պնդում են, որ մինչ կառավարությունը պաշտպանում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համաձայնությունը, Թուրքիան՝ Հայաստանի պատմական հակառակորդը և Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, արդյունավետորեն ներկայացնում է արևմտյան շահերը տարածաշրջանում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։
Այս տեսանկյունից արևմտամետ շրջադարձի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համադրությունը վտանգում է Հայաստանը վերածել թուրքական պրոտեկտորատի՝ խաթարելով նրա ինքնիշխանությունը։ Շատերի համար Ռուսաստանի շարունակական ներկայությունը տարածաշրջանում դեռևս դիտվում է որպես հակակշիռ, որը կանխում է Անկարայից չափազանց կախվածությունը:
Քաղաքական ազատությունների մակարդակում, փոխարենը, զգալի հակասություններ են առաջացել Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների շուրջ։
Եկեղեցին պատմականորեն գործել է որպես հայոց լեզվի, մշակույթի և հավաքական շարունակականության հիմնական պաշտպան։ Վերջին ամիսներին Հայաստանի կառավարությունը ձերբակալել է Եկեղեցու մի քանի բարձրաստիճան անձանց՝ իշխանությունների նկատմամբ քննադատության և կառավարության կողմից այն պնդումների ֆոնին, որ եկեղեցական հիերարխիայի որոշ շրջանակներ համահունչ են ռուսական շահերին:
Ընթացիկ կառավարության համար Եկեղեցու ազդեցությունն ավելի ու ավելի է դիտարկվում քաղաքական և աշխարհաքաղաքական տեսանկյունից։
Մարդու իրավունքների պաշտպանները 2025 թվականի վերջին ԱՄՆ Կոնգրեսին զեկույցներ ուղարկելիս զգուշացրել են, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան անձանց դեմ գործողությունները կարող են քաղաքական ճնշում դիտարկվել ներքին իշխանության համար պայքարի սրման ֆոնին։ Նմանապես, հայկական և սփյուռքի հետ կապված կազմակերպությունները քննադատել են այն, ինչը նրանք համարում են զսպումների և հակակշիռների թուլացում՝ պնդելով, որ դատական համակարգի և կրոնական հարցերի վրա գործադիր մարմնի ազդեցության աճը կարող է հակասել Հայաստանի պարտավորություններին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում։
2026 թվականի հունիսի ընտրությունների արդյունքը կարող է վճռորոշ լինել Հայաստանի երկարաժամկետ աշխարհաքաղաքական հետագիծը որոշելու համար, որը Փաշինյանը ձևակերպում է որպես պատերազմի և խաղաղության միջև հիմնարար ընտրություն։
Ընդդիմությունը, որի մեծ մասը միավորվում է Եկեղեցու շուրջ, փոխարենը քվեարկությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության հարց։
ԵՄ-ի համար խաղադրույքները նույնքան նուրբ են. ինչպե՞ս համատեղել Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման ռազմավարական աջակցությունն այն ռիսկի հետ, որ հենց այս հետագիծը կարող է ուղեկցվել ներքին ինստիտուցիոնալ կենտրոնացման աճով և ժողովրդավարական անկայունությամբ։


