
Այսօր մեր բուժհաստատություններում աշխատավարձերի դրական դինամիկան առկա է և շարունակական․ Անահիտ Ավանեսյան
Նախորդ ամիս մենք ընդհանուր առմամբ ունեցել ենք աշխատավարձերի դրական դինամիկա՝ թե՛ բժիշկների, թե՛ միջին բուժանձնակազմի առումով։ Ես խոսում եմ միջին աշխատավարձերի դինամիկայի մասին։ Ունենք ուղղություններ, որտեղ այս աճը շատ ավելի մեծ է, ունենք ուղղություններ, որտեղ այս աճը կազմում է 10-20 տոկոս, ունենք ուղղություններ, որտեղ բժիշկների աշխատավարձը եռապատկվել է․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ առողջապական համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո բժիշկների շրջանում աշխատավարձերի նվազման մասին հարցին ի պատասխան։
«Սա ընդհանուր պատկերն է։ Այսօր մեր բուժհաստատություններում աշխատավարձերի դրական դինամիկան առկա է և շարունակական։ Այո՛, կան որոշակի մասնագիտություններ, որոնց զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում կա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս առումով աշխատանքներ տանում են և լուծումներ ունենալու են։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, բժիշկներն ահազանգում են, որ առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո իրենց ծանրաբեռնվածությունը զգալի մեծացել է, սակայն իրենք նախորդ ամիսների համեմատ ավելի ցածր աշխատավարձ են ստանում:


