
Թեհրանի առաջնահերթությունը պատերազմի ավարտն է, իսկ ամերիկացիների գործողությունները խաթարում են վստահությունը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցային գործընթացում Թեհրանը մտադիր է կենտրոնանալ տարածաշրջանային հակամարտությունների դադարեցման վրա՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը շարունակում է լուրջ չվերաբերվել միջուկային գործարքին և պատժամիջոցների վերացմանը․ հաղորդում է IRNA-ն։
Բաղային նաև նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բնութագրվում են «կասկածի ծայրահեղ աստիճանով»: Նրա պնդմամբ՝ հիմնական խնդիրը մնում է ամերիկյան կողմի մոտեցումը։
«ԱՄՆ-ի հետ կապված խնդիրն այն է, որ նրանք բանակցությունների ընթացքում ծայրահեղ պահանջներ են ներկայացնում, բայց չեն սովորում անցյալի իրենց սխալներից: Մենք տեսնում ենք թշնամական գործողությունների շարունակություն՝ պատժամիջոցների ավելացում և ռազմական էսկալացիա, ինչը կասկածի տակ է դնում նրանց մտադրությունների անկեղծությունը», – ասել է նա:


