07 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոսկեպարի կոտորածից անցավ 35 տարի

Ոսկեպարի կոտորածից անցավ 35 տարի

1991 թվականի մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի ունեցավ ոճրագործություն, որը մասն էր «Օղակ» գործողության։

Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում տեղակայված խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական ՕՄՈՆ-ն ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակեցին Հայկական ԽՍՀ-ի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտան գյուղ։ Նպատակն էր հայ բնակչությանն ահաբեկելը, տարհանելն ու հայկական գյուղերն ադրբեջանցիներով վերաբնակեցնելը։

Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցրին 1 ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակչի։

Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 միլիցիոներ և 3 քաղաքացիական ուղեկից բնակիչների պաշտպանության համար փորձեցին անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվեց, իսկ մյուսները գերեվարվեցին ու տեղափոխվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադի (Գանձակ) բանտ, որտեղ մահացավ ևս 3 հոգի։

Գերեվարվեց ու ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնվեց նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկան, որոնք նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվեցին։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծությունից զոհվեց նաև Ոսկեպար գյուղի 3 խաղաղ բնակիչ։

Հետագայում անմարդկային հանցագործության պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մեղմելու համար կազմակերպվեց հետաքննություն, Ռուսաստանի Գլխավոր խորհրդում լսումներ անցկացվեցին, սակայն այդպես էլ կազմակերպիչներն ու պատասխանատուները չպատժվեցին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026