
Իշխող քաղաքական ուժը երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ է ձևավորում․ ՀԱԿ-ը՝ ընդդիմադիրների դեմ հարձակումների մասին
Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և հարձակումների վերջին դեպքերը փաստում են, որ գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները՝ անցնելով անթույլատրելիի բոլոր սահմանները․ նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։
«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 օր առաջ տեղի ունեցող այս հարձակումները պատահականություն չեն։ Դրանց սկիզբը դրեց անձամբ Փաշինյանը մայիսի 18-ին՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու ուղիղ հրահանգով։ Սա իշխող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգված և ուղղորդված քաղաքականություն է՝ երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ ձևավորելու համար։ Չունենալով հանրային աջակցություն և գիտակցելով առաջիկա ընտրություններում իր անխուսափելի պարտությունը՝ իշխանությունը փորձում է ուժի և բռնության միջոցով լռեցնել ընդդիմախոսներին և կանխորոշել ընտրությունների ելքը։
Ակնհայտ է նաև, որ երբ քարոզարշավն անցնում է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո, խախտվում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։
Մենք խստորեն դատապարտում ենք այս քաղաքական վայրագությունները և պահանջում ենք․
- Իրավապահ մարմիններից՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Արթուր Օսիպյանին։
- Զերծ մնալով քաղաքական կողմնակալությունից՝ բացահայտել բոլոր կատարողներին ու կազմակերպիչներին և նրանց ենթարկել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
- Միջազգային դիտորդական առաքելություններից և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից՝ համարժեք գնահատական տալ ընտրական գործընթացի տապալմանն ուղղված այս բացահայտ ճնշումներին։
Վստահ ենք, որ մեր ժողովուրդը չի ընկրկի այդ սպառնալիքների առաջ, իսկ կատարված հանցագործություններն անհապաղ չբացահայտելու և մեղավորների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեպքում՝ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա», – ասվում է հայտարարության մեջ։


