
ԵՄ-ը փորձում է շահագործել ՀՀ-ում կայանալիք ընտրություններն իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար․ ՌԴ ԱԳՆ
Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղին կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների Մոսկվայի հետ հարաբերություններում. ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Դիվանագետին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությունը, թե Հայաստանը չափազանց մոտեցել է կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները երկրի հետ։
«Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն ազդանշանների օրինակ է, որոնք մենք փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը տարբեր մակարդակներում», – բացատրել է նա։
Ռուս պաշտոնյան ընդգծել է, որ «ԵՄ-ը որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում անվտանգության, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման ապահովման գործիքների առումով, որոնք հիմք են հանդիսանում երկրի ինքնիշխանության համար»։
«Եվ սա հասկանալի է. Բրյուսելի շահագրգռվածությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելն է, այլ, առաջին հերթին, իր սեփական աշխարհաքաղաքական նպատակների լուծումը, որոնք այսօր կենտրոնացած են Ռուսաստանի հետ բախման վրա», – հայտարարել է դիվանագետը։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ը փորձում շահագործել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն այս նպատակով։ Հանրապետությունում արդեն տեղակայվել են երկու առաքելություններ՝ նման Մոլդովայում ընտրարշավների ժամանակ տեղակայվածներին», – նշել է նա։
Կալուգինի խոսքով՝ նշված նպատակներն, իհարկե, կարող են ազնիվ թվալ, բայց իրականում առաքելությունների նպատակն ակնհայտ է՝ ամրապնդել ԵՄ-ի վերահսկողությունը հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի և տնտեսության նկատմամբ՝ դրանով իսկ նպաստելով նրա անջատմանը Մոսկվայից։
Ինչպես նշել է գերատեսչության ղեկավարը, եվրոպացի մասնագետները բառացիորեն ձգտում են «դարձնել» Ռուսաստանին թշնամի՝ ստեղծելով կեղծ տպավորություն, որ Մոսկվան «դեմ է անկախ Հայաստանի ստեղծմանը»։ Ավելին՝ եվրոպացիները անհիմն մեղադրում են Ռուսաստանին «հիբրիդային հարձակումների» և հանրապետության ներքին գործերին միջամտության մեջ, «չնայած ինչ-ինչ պատճառներով՝ նրանք իրենց սեփական խորը ներգրավվածությունը դրանցում այդպիսին չեն համարում»։
«Եվ ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ը բազմիցս բռնվել է այլ երկրներում ընտրական գործընթացները կազմակերպելու փորձերի ժամանակ։ Մենք նկատում ենք, թե ինչպես են որոշ հայկական լրատվամիջոցներ և պաշտոնյաներ միանում այս հաղորդագրությունների տարածմանը», – եզրափակել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են անվտանգության պարտավորություններով, սակայն Եվրամիությունը Երևանին այս ոլորտում որևէ իրական այլընտրանք չի առաջարկում։
«ՀԱՊԿ-ն մնում է այս ճարտարապետության կարևոր տարր։ Մեզ համար Երևանի կողմից կազմակերպությանն անդամակցության «սառեցումը» չի փոխում այդ պարտավորությունների էությունը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է փոխարինել նման երաշխիքներին։ Ինչպես տեսանք ԵՄ-ի կողմից Երևանում անցկացված գագաթնաժողովների ժամանակ, ոչ ոք իրական այլընտրանք չի առաջարկում»,- նշել է դիվանագետը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը, իր հերթին, «ոչ միայն առաջարկել է այն, ինչ կարող է, այլև տարիներ շարունակ փաստացի և արդյունավետորեն ապահովել է Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը»։
«Մենք հանրապետության հիմնական առևտրատնտեսական գործընկերն ենք։ 2025 թվականի վերջին նրա արտաքին առևտրաշրջանառության 36%-ը մեր երկրի հետ էր (մինչդեռ ԵՄ-ն կազմում էր մոտ 10%)։ Գյուղատնտեսական արտադրանքի 98%-ը և թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ը գնում է ռուսական շուկա։ Արտաքին առևտրային գործարքների 98%-ը կատարվում է ազգային արժույթներով։ Հայաստանում մեկնարկել են տասնյակ ներքին բիզնես նախագծեր, որոնց ընդհանուր ներդրումային ծավալը կազմում է 4,2 միլիարդ դոլար։ Ռուսաստանն էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորն է։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանի համար կենսականորեն կարևոր ապրանքներն ու էներգետիկ ռեսուրսները մատակարարվում են շուկայական գներից զգալիորեն ցածր գներով»,- նշել է պաշտոնյան։


