
Եվրոպան գնում է Կովկաս, բայց սա պատմության միայն սկիզբն է․ Common Space
Տասնյակ եվրոպացի նախագահներ, վարչապետներ և այլ բարձրաստիճան առաջնորդներ անցյալ շաբաթ ժամանեցին Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին: Մեկ-երկու օր հնարավոր չէր գնալ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոն՝ առանց եվրոպացի առաջնորդի և նրա շրջապատի հետ հանդիպելու. գրել է Common Space-ը:
Գագաթնաժողովն ինքնին, ընդհանուր առմամբ, անցավ առանց իրադարձությունների:
Հաջորդ օրը երկկողմ հարաբերությունների և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի ժամանակն էր:
Մայիսի 4-5-ին Եվրոպան գնաց Կովկաս, բայց հետևանքները դեռևս պարզ չեն:
Երևանում եվրոպական ուժի ցուցադրությունը, գոնե թվաքանակի առումով, աննկատ չմնաց Մոսկվայում: Հրապարակայնորեն Ռուսաստանը փորձել է ցույց տալ, որ չափազանց մտահոգված չէ, բայց Մոսկվան «շատ ատամներ է կրճտացրել կուլիսներում», իսկ երբեմն նաև՝ հրապարակավ:
Ըստ պարբերականի՝ Պուտինի ամբողջ ռազմավարությունը, ներառյալ Ուկրաինայի դեմ պատերազմը, ուղղված է Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը մերձավոր արտասահմանում: Այդ առումով՝ Հայաստանը նման էր Ռուսաստանի հաջողության պատմության, սակայն այժմ արդեն՝ ոչ։ Եվ անցյալ շաբաթը նոր Հայաստանի և Եվրոպայի նոր վճռականության տեսանելի արտահայտությունն էր՝ կանգնելու Հայաստանի կողքին՝ Ռուսաստանի ճնշման դեմ։
Այս իրադարձություններին ուշադիր հետևում էր նաև մեկ այլ աշխարհաքաղաքական տարածաշրջանային խաղացող՝ Իրանը։ Վերջինս, հնարավոր է, այս պահին զբաղված է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ շարունակվող պատերազմով։ Սակայն կովկասյան երկրները, և մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը, սահման ունեն Իրանի հետ՝ չհաշված դարավոր պատմական հարաբերությունները։
Կովկասում տեղի ունեցողն Իրանի համար առաջնային հետաքրքրություն է ներկայացնում։ Այս շահերի կառավարումը մարտահրավեր է տարածաշրջանի և դրա հետ կապված յուրաքանչյուրի համար։
Երրորդ աշխարհաքաղաքական խաղացողը, որը հետևում էր Երևանում հավաքված եվրոպացիներին, Միացյալ Նահանգներն էր։ Մի պահ կարելի էր զգալ, որ ԱՄՆ-ն կորցնում է հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։ Այնուհետև եկավ օգոստոսի 8-ը և Թրամփ-Ալիև-Փաշինյան հանդիպումը Սպիտակ տանը։ Թրամփը հայտնաբերեց Կովկասը, և, կարծես, դա նրան տվեց խաղաղարարի հաջողության պատմությունը, որին նա տեչում էր։ Դրանից ծնվեց TRIPP-ը՝ «գաղափար և ուղի», որի իրականացման համար կպահանջվի մեծ գումար և քաղաքական կամք։ Օգոստոսի 8-ից հետո ԵՄ-ը բավականին հիմար տեսք ուներ՝ 2021 թվականից ի վեր Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հաշտեցման ուղղությամբ գործադրած իր բոլոր ջանքերով, որոնք ստվերվել էին Թրամփի թատերականությամբ։ Սակայն այժմ կա նոր իրականություն, և ԵՄ-ը կարող է դեռևս դեր ունենալ։
Ըստ պարբերականի՝ Փաշինյանը մեծ ճանապարհ է անցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները վերաիմաստավորելու համար, ինչը դեռևս «ընթացքի մեջ է»։ Սակայն ԵՄ-ը պետք է զգույշ և զգայուն կերպով, բայց ոչ հեզաբար, ներգրավվի նաև այս հարցում։ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Բաքու մեկնեց անմիջապես Երևանից հետո՝ այս ներառականությունն ընդգծելու համար։
Ինչպես նկատել է հոդվածագիրը, վերջին երեսուն տարիների ընթացքում Հարավային Կովկասի նկատմամբ իր մոտեցման մեջ Եվրոպան հիմնականում ռեֆլեքսիվ է եղել՝ արձագանքելով իրադարձություններին: Այն զուրկ է եղել ռազմավարական մոտեցումից և տարածաշրջանային տեսլականից:
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի ապագան: Շատ առումներով՝ ԵՔՀ և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովներըը բարձրաձայն հայտարարություն էին Հայաստանի ներկայիս ուղեգծի աջակցության մասին: Այնուամենայնիվ, ի վերջո, որոշում կայացնելը հայ ժողովրդի գործն է։ Եվրոպան պետք է աջակցի դա հնարավոր դարձնող ժողովրդավարական գործընթացին, և հունիսի 7-ից հետո պետք է պատրաստ լինի կանգնել Հայաստանի կողքին, եթե արդյունքը դուր չգա Մոսկվային և Թեհրանին։


