
Հրաժեշտ իմպլանտների՞ն․ ճապոնացի գիտնականները փորձարկում են նոր ատամներ աճեցնելու տեխնոլոգիա
Շատերի համար ատամի կորուստը ազդում է ոչ միայն բերանի խոռոչի առողջության, այլև ինքնավստահության, արտաքին տեսքի և կյանքի ընդհանուր որակի վրա:
Ավանդաբար, ատամների բացակայության դեպքում մարդիկ ապավինում էին պրոթեզներին, իմպլանտներին, կամ այլ միջոցների: Ճապոնացի գիտնականներն այժմ ուսումնասիրում են հեղափոխական այլընտրանք՝ ատամները բնական ճանապարհով վերականգնելու հնարավորությունը․ գրում է The Indian Practitioner-ը։
Կիոտոյի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները սկսել են TRG-035 դեղամիջոցի կլինիկական փորձարկումները․ դեղամիջոցի նպատակն է, օրգանիզմի բնական մեխանիզմներն ակտիվացնելով, խթանել նոր ատամների աճը։
Գիտնականները մշակել են TRG-035-ը՝ թիրախավորելու USAG-1 սպիտակուցը, որը չափահաս տարիքից հետո ճնշում է լրացուցիչ ատամների ձևավորումը: Սպիտակուցի աշխատանքն արգելակելով՝ հետազոտողները հույս ունեն ակտիվացնել «քնած ատամնաբողբոջները» և խթանել նոր ատամների աճը։
Բուժումն իրականացվում է ներերակային ներարկման միջոցով։
Լոնդոնի Քուին Մերի համալսարանի պրոֆեսոր Անգրեյ Կանը մոտեցումն անվանել է խոստումնալից։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ տեխնոլոգիան կիրառության մեջ մտցնելու համար զգալի ժամանակ և հետագա հետազոտություններ են պահանջվում։


