
Դեմի Մուրն AI-ի դեմ պայքարն անվանել է «պարտված պայքար»
Դեմի Մուրը կոչ է արել կինոարդյունաբերությանն արհեստական բանականության (AI) դեմ պարտվողական պայքար մղելու փոխարեն գտնել դրա հետ աշխատելու և դրանից պաշտպանվելու ուղիներ․ գրում է Reuters գործակալությունը։
Դերասանուհին հայտարարությունն արել է երեքշաբթի Կաննի կինոփառատոնի բացման արարողությունից առաջ։
«Արհեստական բանականությունն արդեն այստեղ է։ Ուստի՝ դրա դեմ պայքարելն ինչ-որ իմաստով նշանակում է պայքար, որում մենք պարտվելու ենք։ Այսպիսով, դրա հետ աշխատելու ուղիներ գտնելն ավելի արդյունավետ ճանապարհ է։ Արդյո՞ք մենք բավականաչափ ջանք ենք գործադրում մեզ պաշտպանելու համար։ Չգիտեմ։ Ես կասեի՝ հավանաբար՝ ոչ», – ասել է Մուրը։
Նշվում է, որ չնայած կինոփառատոնն արգելում է արհեստական բանականության օգտագործումը մրցութային ծրագրում, տեխնոլոգիայի դերի վերաբերյալ քննարկումները դարձել են գերակշռող թեմա փառատոնում, որը ներկայանում է որպես կինոարվեստի չափանիշները սահմանող հեղինակություն։


