
«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը
Դիլիջանի խորհրդանիշներից մեկը՝ «Անտառի արքա» բացառիկ ծառաքանդակն արդեն ունի ցուցատախտակ, իսկ QR կոդերի միջոցով զբոսաշրջիկը ծանոթանում է ոչ միայն ծառի ստեղծման աուդիո պատմությանը, այլև քանդակագործ Արա Սարգսյանի գործունեությանը։
Նախաձեռնությունը «Սարեր» մշակութային ՀԿ-ինն է և Արա Սարգսյան տուն-թանգարանի աջակցության հիմնադրամինը։ Նախագիծն իրականացվել է «Գրին Ռոք»-ի աջակցությամբ։
Ցուցատախտակի տեղադրումը կարևոր քայլ է քաղաքի մշակութային ժառանգության պահպանման և զբոսաշրջային գրավչության զարգացման ուղղությամբ։ Տասնամյակներ շարունակ Դիլիջանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող այս յուրահատուկ արվեստի գործն այսուհետ նոր ձևաչափով կներկայանա հանրությանը՝ ընդգծելով նրա պատմական, մշակութային և գեղարվեստական արժեքը։
««Անտառի արքա»-ն Արա Սարգսյանի քանդակած եզակի ստեղծագործություն է, որը նա տեղադրել է Դիլիջանում անմիջապես ծառի վրա՝ կենդանի ճյուղերի մեջ։ Սա արվեստի և բնության ներդաշնակ միաձուլման հազվադեպ օրինակ է․ կերպարը կարծես դառնում է անտառի մի մասը։ Քանդակը պատրաստված է թրծած շամոտից և արդեն շուրջ 60 տարի պահպանվում է անձրևի, ձյան ու քամու տակ՝ մնալով Դիլիջանի ոգու կենդանի խորհրդանիշը և վարպետի՝ բնության հանդեպ խոր հարգանքի արտահայտությունը»,- բացման արարողությանն ասաց Արա Սարգսյան տուն-թանգարանի տնօրեն, տուն-թանգարանի աջակցության հիմնադրամի հիմնադիր և քանդակագործի թոռնուհի Աննա Սարգսյանը։
«Անտառի արքա»-ն բացառիկ օրինակ է, որտեղ միահյուսվում են բնությունն ու արվեստը՝ արտահայտելով Դիլիջանի բնաշխարհին բնորոշ ոգին և ինքնությունը։ Ցուցատախտակի տեղադրումը հնարավորություն է տալիս այցելուներին առավել ամբողջական ծանոթանալ քանդակի ստեղծման պատմությանը, գաղափարական նշանակությանը և նրա ունեցած դերին քաղաքի մշակութային հիշողության ձևավորման մեջ։ Նախաձեռնությունը միտված է ոչ միայն արվեստային ժառանգության պահպանմանը, այլև մշակութային տուրիզմի խթանմանը։
«Սարեր» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովայի գնահատմամբ՝ մենք հաճախ չենք պատկերացնում, թե որքան գանձեր են թաքնված Հայաստանի գողտրիկ անկյուններում, և ինչպիսի սիրով են արվեստի գործիչները վերաբերվել հայրենի հողին։
««Անտառի արքա»-ն այդպիսի մոտեցման վառ օրինակ է։ Ժամանակին դիլիջանյան զովացուցիչ անտառների խորհրդանիշն ու պահապանը դարձած այս քանդակն անարդարացիորեն մոռացության էր մատնվել: Բայց հիմա, այս գեղեցիկ նախագծի շնորհիվ, մենք ուրախ ենք հիշեցնել Դիլիջանի բնակիչներին և հյուրերին ծառաքանդակի գոյության մասին։ Այժմ շատերը կիմանան «Անտառի արքա»-ի մասին և, համոզված եմ՝ կցանկանան գրկել մեր արքայական ծառն ու լցվել նրա ուժով»,-ասաց նա։
Ցուցատախտակն «Անտառի արքա»-ն կդարձնի Դիլիջանի մշակութային երթուղիների կարևոր կանգառներից մեկը՝ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տեղացի այցելուների, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկների շրջանում։
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Դիլիջանը ոչ միայն բնության և հանգստի, այլև մշակութային ինքնատիպ միջավայրի քաղաք է, որտեղ արվեստի յուրաքանչյուր խորհրդանիշ պատմում է քաղաքի անցյալի, ներկայի և ապագայի մասին։


