
Սկանդալ Վրաստանում. ընդդիմադիր կուսակցությունը «երազողներին» հիշեցրել է, թե ովքեր էին նրանք Սաակաշվիլիի օրոք
Վրաստանի խորհրդարանում սկանդալ է բռնկվել. նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը «Վրացական երազանք»-ի պատգամավորներին հիշեցրել է, թե ովքեր էին նրանցից շատերն այժմ բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրոք։ Ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է ընդդիմությանն անպատվաբեր վարքագծի համար և պահանջել է տալ տեղեկություն, թե ինչո՞ւ է Գախարիան ինքը թաքնվում Բեռլինում․ գրում է Eadaily.com-ը։
Միջադեպը սկսվել է «Գախարիան՝ հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության կողմից սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութից։
Տեսանյութը սկսվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից. «Ո՛չ մի «ազգայնական» (Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ)՝ ո՛չ մի կառավարական մարմնում»։
Տեսանյութի ստեղծողները հիշեցրել են, որ «Վրացական երազանք»-ի ներկայիս շատ առաջնորդներ հարմարավետ պաշտոն են վայելել Սաակաշվիլիի օրոք։ Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին ծառայել է որպես պետնախարար։ Ռեժիսոր Գիորգի Խաինդրավան՝ «Վրացական երազանք»-ի ամենաակնառու քարոզիչներից մեկը, նույնպես կառավարության անդամ է եղել։ Խորհրդարանական մեծամասնության մյուս անդամները բարձր պաշտոններ են զբաղեցրել նախարարություններում, իսկ որոշները խորհրդարանում են հայտնվել որպես «Ազգային շարժման» անդամներ։
Ամենամեծ հարվածը կրել է պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին։ Ֆեյսբուքում տարածվել է նրա հին լուսանկարը, որտեղ նա նստած է իր գրասենյակում՝ Սաակաշվիլիի մեծ դիմանկարի ֆոնին։ 2011 թվականին նախկին նախագահը նրան նշանակել էր Վրաստանի դեսպան Հայաստանում։


