15 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է, մեր քաղաքացիները գիտեն՝ ով բերեց պատերազմ․ Իվետա Տոնոյան

Պատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է, մեր քաղաքացիները գիտեն՝ ով բերեց պատերազմ․ Իվետա Տոնոյան

Այս մեկ շաբաթվա ընթացքում ձևավորվել է ԲՀԿ-ի նոր կարգախոսը՝ «Պատրաստվեք նոր փոփոխությունների»․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Քարոզարշավը շատ ակտիվ շարունակվում է Երևանում տարբեր ձևաչափերով․ հանդիպում ենք բնակիչներին բակերում, տանը, խանութներում։ Բոլորին ընձեռում ենք հնարավորություն ծանոթանալու մեր՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։ Մեր հանդիպումներում քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ են առանձնացնում, որոնք հիմնականում վերաբերում են անվտանգությանը, սոցիալական, տնտեսական, առողջապահական խնդիրներին։ Բազմաթիվ հարցեր են հնչեցնում քաղաքացիները, որոնց, մեր նախընտրական ծրագրին հղում տալով, լուծում ենք առաջարկում։ Բայց ասեմ, որ այս խնդիրների հասցեատերն իշխանությունն է, բայց լուծումները մենք ենք առաջարկում»,- ասաց Իվետա Տոնոյանը։

ԲՀԿ խոսնակն ընդդիմախոսներին, քաղաքական ուժերին կոչ արեց մնալ քաղաքական կոռեկտության ու զգոնության շրջանակում։

«Հենց մայիսի 8-ին՝ քարոզարշավի մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆիքսել է մեկ առաջնահերթություն․ ցեխ չշպրտել որևէ ուժի վրա, բայց եթե լինեն նախադեպեր մեզ վիրավորելու, քննադատելու, պատասխանը լինելու է համարժեք»,- ասաց ԲՀԿ խոսնակը։

Անդրադառնալով իշխող ուժի՝ քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարություններին՝ Իվետա Տոնոյանն ասաց, որ շանտաժի լեզվով քաղաքացիների հետ խոսելու հարցում ՔՊ-ն մրցակից չունի։

«Մեր քաղաքացիները լավ են գիտակցում, որ պատերազմը սկսվել է այս իշխանության օրոք, զոհեր, հաշմանդամներ են եղել այս իշխանության օրոք, Արցախը հանձնել են նրանք, մեր 120․000 հայրենակիցներ բռնի տեղահանվել են այս իշխանության օրոք։ Պատերազմի կուսակցությունը ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունն է։ Ինչ վերաբերում է արտաքին միջամտությանն ու ազդեցությանը, պետք է ասեմ, որ առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների ներկայացուցիչներ, նախագահներ, չինովնիկներ, ՔՊ-ն է եղել։ Նրանց հաստատուն աջակցություն են պարբերաբար հայտնում նաև Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ընդդիմադիր ուժերին, հատկապես ԲՀԿ-ին, ոչ մի երկրի առաջնորդ կամ ներկայացուցիչ աջակցություն չի հայտնել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026