20 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Օսիպյանի ձերբակալումով հերթական անգամ ընդգծվեց՝ իրավապահ համակարգը գործում է ոչ անաչառ ու ոչ անկախ․ հայտարարություն

Արթուր Օսիպյանի ձերբակալումով հերթական անգամ ընդգծվեց՝ իրավապահ համակարգը գործում է ոչ անաչառ ու ոչ անկախ․ հայտարարություն

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 թվականին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարակական կազմակերպություններ։

«Առավել ևս, անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործնեությունը սահմանափակելու և նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։

Քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել  խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու և բռնության գործադրման հրապարակային կոչի համար։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը անօրինական և անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։

Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական կոմիտեի՝ ընտրովի  արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։ Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր և սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու, պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում։

Սրանով հերթական անգամ ընդգծվում է իրավապահ համակարգի անկախության և գործնեության անաչառության բացակայությունը՝ էական հարված հասցնելով այդ մարմինների հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Ավելին՝ նման պրակտիկան խաթարում է եվրոպական սկզբունքներին համահունչ պետական ինստիտուտների կայացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից․

  • Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,
  • Գործունեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ,  հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,
  • Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026