
Որքա՞ն գումարով է հնարավոր վերականգնել վարորդական իրավունքը․ ՆԳՆ-ն նախագիծ է մշակել
Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մեխանիզմը։ ՆԳՆ առաջարկով՝ վարելու իրավունքի դադարեցման հիմքի վերացումից հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում քաղաքացին մեկ անգամ կարող է վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննության, օրենքով սահմանված պետական տուրքը վճարելով (բազային տուրքի հիսնապատիկի չափով` 50.000 դրամ)։
Ըստ նախագծի՝ առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը․
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,
- Փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,
- Փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,
- Վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:
Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։
Նշենք, որ Փաշինյանը մայիսի 16-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին խոստացավ սեղմ ժամկետներում լուծել խնդիրը։


