
Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
Այսօր՝ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա. գրում է Shamshyan.com-ը։
Քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները, Սևանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։
Ոստիկանները Հայկ Ղ.-ին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը եղել է հղի։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հայտնում։


