
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 8-ի. զոհվել է նաև 9 ամսական երեխա
Թուրքիայի արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 9 ամսական երեխա, ևս 33 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Վթարը տեղի է ունեցել գիշերը Դենիզլի–Այդըն ավտոմայրուղու Սարայքյոյ շրջանի հատվածում։ Իզմիրից Անթալիա ուղևորվող «Pamukkale Turizm» ընկերության ավտոբուսը, որի մեջ եղել են 38 ուղևոր և 3 աշխատակից, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել է ճանապարհային արգելապատնեշին և հրդեհվել։
Զոհվածների թվում են ավտոբուսի վարորդը և յոթ ուղևոր։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհված 9 ամսական երեխան՝ Էյուփ Միրաչ Շենը, եղել է վթարի ամենափոքր զոհը։


