
Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա տնտեսական ֆորումի բացման օրը
Հունիսի 3-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրոնշտադտի, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Կիրովսկի և Կրասնոսելսկի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտների վրա․ հայտնում է meduza.io-ն՝ շրջանի ղեկավար Ալեքսանդր Բեգլովին հղումով։
Նրա խոսքով՝ մի քանի մարդ վիրավորվել է։ Որոշ օբյեկտներ վնասվել են։ Բեգլովը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Astra Telegram ալիքի համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալում, որը Ռուսաստանի Բալթյան տարածաշրջանի հեղուկ բեռների ամենամեծ տերմինալներից մեկն է։
Լենինգրադի մարզում ևս հունիսի 3-ի գիշերը հայտարարվել է օդային տագնապ։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ խոցվել է 59 անօդաչու թռչող սարք։
Լուգայի շրջանում ընկնող բեկորներն աննշան վնաս են հասցրել 4 առանձնատան, սակայն տուժածներ չկան։
Պուլկովո օդանավակայանում գիշերը սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների վայրէջքի և մեկնման համար։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) զգուշացրել է, որ սահմանափակումներ են մտցվել նաև Լենինգրադի մարզի մի քանի շրջանների օդային տարածքում։
Բացի այդ՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչներն առավոտից բողոքում են բջջային կապի խափանումներից: Օգտատերերը հայտնում են, որ կայքերն ու հաղորդագրությունների հավելվածները չեն աշխատում, իսկ ոմանք ընդհանրապես բջջային կապ չունեն։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումն անցկացվելու է քաղաքում հունիսի 3-6-ը: Այս տարի ելույթ կունենան Միացյալ Նահանգներից մի քանի հյուրեր (հիմնականում աջակողմյան և ծայրահեղ աջ շրջանակների ներկայացուցիչներ), ինչպես նաև Վլադիմիր Պուտինի դուստրերը: ՌԴ նախագահի ելույթը նախատեսված է հունիսի 5-ին:


