
Ընտրությունների նախօրեին ՀՀ-ում իրավիճակը բնութագրվում է ծայրահեղ ներքին լարվածությամբ և խոր հասարակական բաժանումներով․ ռուսալեզու մամուլի ամփոփում
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք կորոշեն երկրի ապագան առաջիկա տարիներին, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի և Եվրոպայի խաչմերուկում և ապրում է այն, ինչը, հավանաբար, իր ժամանակակից պատմության ամենակարևոր պահերից մեկն է։
BBC-ի ռուսական ծառայության թիմը եկել է Հայաստան՝ պարզելու, թե ի՞նչ են մտածում տեղի ձեռնարկատերերը, ֆերմերները, գործարար առաջնորդները և վերջերս պատերազմ ապրած սովորական բնակիչներն այս իրադարձությունների մասին։
Ինչպես նշվում է, Ռուսաստանի հետ կապերը թուլանում են, և Մոսկվան ավելի ու ավելի է ճնշում գործադրում Երևանի վրա՝ ընտրություն կատարելու իր և Եվրամիության միջև։
Ռուսաստանը՝ երկրի հիմնական առևտրային գործընկերը, ներմուծման սահմանափակումներ է կիրառել ապրանքների բազմաթիվ կատեգորիաների համար, որոնք հնարավոր է ազդեն հայկական ավանդական արտահանման վրա՝ միրգ–բանջարեղենից մինչև հանքային ջուր և գինի, մինչդեռ Արևմուտքի նոր գործընկերների հետ կապերը դեռևս հաստատված չեն։
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին ТАСС-ի հետ զրույցում նշել է, որ քաղաքականացնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական գործընթացները՝ Եվրամիությունը փորձում է անջատել Երևանը Մոսկվայից՝ ի վնաս երկրների ազգային շահերի և դարավոր կապերի։
«Փաշինյանը զբաղվում է քաղաքական խաղերով և սպեկուլյացիաներով՝ իր սեփական աթոռը պահպանելու, այլ ոչ թե երկրի բարգավաճման համար։ Եվ Եվրամիությունը պատրաստ չէ կրել Հայաստանի համար իրական ծախսերը», – նշել է Սլուցկին։
Известия-ն գրում է, որ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում ստեղծված իրավիճակը բնութագրվում է ծայրահեղ ներքին լարվածությամբ և խոր հասարակական բաժանումներով։
Հայ առաքելական եկեղեցին նույնպես ներգրավվել է թեժ քաղաքական պայքարի մեջ՝ արտահայտելով իր անհամաձայնությունը Փաշինյանի քաղաքականության հետ և վիճաբանելով իշխանությունների հետ երկրի ազգային արժեքների շուրջ։
ՀԱԵ-ի և կառավարության միջև հարաբերությունները լրջորեն սրվել են։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրներն ավելի ու ավելի ակտիվորեն և բացահայտորեն ցույց են տալիս իրենց աջակցությունը Փաշինյանի կառավարությանը՝ ձգտելով ապահովել նրա հաղթանակը և ամրապնդել երկրի աշխարհաքաղաքական շրջադարձը։
ԱՄՆ-ն Հայաստանը բերում է իր ուղեծիր՝ ստորագրելով համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթեր, կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ համաձայնագրեր՝ նշելով ԱՄՆ-ն որպես էներգետիկ (հիմնականում միջուկային) և ենթակառուցվածքային նախագծերի հիմնական գործընկեր։
Արտաքին օգնությունը և արևմտյան պատվիրակությունների այցելությունները խստորեն կապված են ընտրական օրացույցի հետ, ինչը միջազգային իրավաբանները որակում են որպես արտաքին միջամտություն երկրների ինքնիշխան գործընթացներին։ Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերի հիմնական նպատակը, կարծես, Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում «հակառուսական ֆորպոստի» վերածելն է։ Առաջիկա ընտրությունները, հավանաբար, կարևոր նշանակություն կունենան երկրի համար։


